‘Հարցում. Ռուսաստանցիները իշխանության աղբյուր են համարում նախագահին’

767

Ռուսաստանում Սահմանադրության օրվա նախօրեին կազմակերպված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիները երկրում իշխանության աղբյուր են համարում ոչ թե իրենց, այլ նախագահին:

Հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների ընդամենը 23 %-ն է  ժողովրդին համարում երկրում ինքնիշխանության  կրողն ու իշխանության աղբյուրը, ինչպես դա գրված է հիմնական օրենքում: Հարցվածների կեսից ավելին՝ 55 %-ը, համարում է, որ դա նախագահի գործառույթն է:

Յուրաքանչյուր տասներորդ հարցվողի կարծիքով՝ երկրում իշխանության աղբյուրը խորհրդարանն է, իսկ 3 %-ը համոզված է, որ  դա Աստված է:

Հարցումը ցույց է տվել նաև, որ ռուսաստանցիների երկու երրորդը գիտի, որ ապրում է դաշնային պետությունում, թեպետ 13 %-ի կարծիքով՝ իրենք ապրում են ինչ-որ անկախ պետությունների միությունում: Հարցվածների 41 %-ը երբեք չի կարդացել երկրի հիմնական օրենքը, թեպետ ռուսաստանցիների 75 %-ն արդեն տեղյակ է, որ Սահմանադրության օրը նշվում է դեկտեմբերի 12-ին:

Այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունները պահպանում են սահմանադրությունը, պատասխանները կիսվել են գրեթե հավասարապես՝ 39 %-ի կարծիքով՝ հիմնականում պահպանում են, իսկ 36 %-ի կարծիքով՝ մասամբ են պահպանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կրասնոդարում ոստիկանները ծնունդ են ընդունել տրոլեյբուսի կանգառում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ռեփ կատարողները պետք է ընդդիմություն ձևավորեին Կուբայում’