‘Հացադուլավոր. ես ստեղծել եմ հավերժական շարժիչ (ֆոտո)’

1811

Այսօր Կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը, ով պնդում է, թե ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն ոչ ոք չի ուզում ընդունել այդ փաստը և հաշվի չի առնում մի շարք այլ հետազոտությունների արդյունքներ:

iLur.am-ի հետ զրույցում հացադուլավորը ասել է, որ ինքը ապացուցել է, թե հարաբերականության տեսությանը, աստղագիտությանը, ֆիզիկային ու մաթեմատիկային վերաբերող միջազգայնորեն ընդունված հարյուրավոր պնդումներ և բանաձևեր սխալ են:

«Կա ընդունված տարբերակ, որ ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) հարյուրից փոքր է, սակայն ես ապացուցել եմ, որ այն իրականում հարյուրից մեծ է: Հայտնաբերել եմ հավերժության շարժիչ, որը գտնվում է Սիլիկյան թաղամասի իմ տանը, տասը տարի շարունակ դիմել եմ տարբեր ատյաններ, ընդհուպ մինչև Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն անօգուտ՝ բանի տեղ դնող չկա, դրա համար էլ հացադուլ եմ անում»,- ասել է հացադուլավորը:

Նրա խոսքով, Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ գործող Գիտությունների ազգային ակադեմիան մերժում է իր հետազոտությունները, քանի որ համոզված է, որ չի կարող գոյություն ունենալ հավերժական շարժիչ, իսկ վերջինիս հետազոտությունները որակում է որպես անհեթեթություններ:

Հենրիկ Մխիթարյանը չի անդամակցում Գիտությունների ազգային ակադեմիային, միայն աշխատել է դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Նրա պնդմամբ, իր հետազոտությունների որոշ մասը ինքը ուղարկել է Հարվարդի համալսարան, սակայն երեք տարի է չկա որևէ պատասխան: Ըստ նրա՝ հնարավոր է, որ իր գյուտերը օգտագործվում են Հարվարդի համալսարանի կողմից, սակայն ՀՀ-ն հետամուտ չի լինում այդ հարցով:

Հացադուլավորը բերել էր նաև շուրջ 15 արտոնագիր, որոնք տրվել են իրեն տարբեր ժամանակամիջոցում այս կամ այն գյուտի համար:

 \"\"

 

\"\"

 

\"\"

 \"\"

Նախորդ հոդվածը‘2013 թ-ից եկամտահարկի հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացումը պարտադիր է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. տեղեկատվական շրջափակման հերթական աղաղակող փաստը’