‘Հացադուլավոր թեկնածու. Կոչ եմ անում համակերպվել Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ’

1334

Առաջիկա նախագահական ընտրություններում մի քանի թեկնածուների՝ միասնական թեկնածուով հանդես գալը որևէ էական փոփոխությունների չի հանգեցնի: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: «Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատկանին և Րաֆֆի Հովհհանիսյանին կոչ եմ անում համակերպվել Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ: Նրանց միավորումը և միասնական թեկնածուով հանդես գալը ոչ մի լուրջ փոփոխության չի ենթարկի երկրում առկա նախընտրական իրավիճակը: Ամեն ինչ տանում է նրան, որ Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրություններում»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է նա՝ հավելելով, որ մինչև փետրվարի 18-ը ներառյալ ինքը կշարունակի քաղաքական պայքարը և չի դադարեցնի հացադուլը:

Նրա խոսքով՝ Պարույր Հայրիկյանը լուրջ չի վերաբերվում ընտրություններին, քանի որ իր հակասական որոշումներով  անընդհատ լարվածության մեջ է պահում հասարակությանը՝ ինքն էլ չհասկանալով, թե որն է իր նպատակը:

Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ երկարաժամկետ դիտորդների՝ Հայաստանում նախագահի վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այդ զեկույցում որևէ անդրադարձ չկա իր կողմից առաջադրված պահանջներին ու դրանց գնահատականներին:

Անդրիաս Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել իր առողջական վիճակին վերաբերող հարցերին՝ շեշտելով միայն, որ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին: ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իր քարոզարշավը սկսել է հացադուլով, որը կշարունակի մինչև փետրվարի 18-ը ներառյալ:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը որոշել է հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպանը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի խոսքերը’