‘Հացադուլ, նստացույց և հանրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)’

1088

Ազատամարտիկները կրկին հաստատվել են Ազատության հրապարակում։ Շամիր Սահակյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել, իսկ նրա ընկերները` շուրջօրյա նստացույց: Շամիր Սահակյանը արցախյան ազատամարտի ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ 13 տարի է՝ ապրում է վարձով եւ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ կլուծվի նրա բնակարանային խնդիրը: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել ազատամարտիկին: Epress.am-ի հետ զրույցում Սահակյանը պատմել է, որ հանդիպման հաջորդ օրը ՊՆ-ի սոցվարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, և ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչև այդ հարցը լուծվի:

Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն «տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ», սակայն բնակարան չեն տալիս: Մեր զրուցակիցը նշել է, որ 50 հազար դրամ թոշակ է ստանում և չի կարողանում բնակարանի վարձ վճարել:

 «35 հազարը տալիս եմ տան վարձ: Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում»,- ասել է Սահակյանը:

Հացադուլին զուգահեռ` նստացույց անող ազատամարտիկներն էլ պահանջում են սոցիալական վիճակի բարելավում` թոշակների եւ նպաստների 50 տոկոս բարձրացում, կոմունալ վճարումների 50 տոկոս զեղչ: Հինգ օր հետո լրանում է ժամկետը, երբ կառավարությունը խոստացել է պաշտոնապես պատասխանել նրանց պահանջներին։

Իր հերթին Նախախորհրդարանը այսօր, ժամը 19:30 -ին, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Հանրահավաքին ելույթ են ունենալու Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը և Նախախորհրդարանի մյուս անդամները:

Նախորդ հոդվածը‘Արաբկիրի դատախազը ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայում բանտից փախել են 150-ից ավելի կալանավորներ’