‘ՀԱՕԿ-Վոլեյբոլի ֆեդերացիա. Ծառուկյանը մնաց հաստատակամ’

1336

Այսօր ՀԱՕԿ քարտուղարի տարածած հայտարարությունը, ըստ էության, վերջակետ դրեց վոլեյբոլի ֆեդերացիայի շուրջ ծավալվող իրադարձություններին: Մոտ մեկ շաբաթ առաջ Արթուր Բաղդասարյանը իրեն հռչակել էր վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ,իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ որևէ պարագայում օլիմպիական կոմիտեն չի ճանաչելու այդ ընտրության արդյունքները: Մեկ շաբաթից ավելի, իշխանության տակ աշխատող լրատվամիջոցներն ու փորձագետները պնդում էին, որ Ծառուկյանը տեղի կտա ճնշումներին և հետ կկանգնի իր խոսքից: Կյանքը ցույց տվեց, որ  Ծառուկյանը չգնաց որևէ զիջման, և մեկշաբաթյա ճշգրիտ հաշվարկված դադարից հետո հնչեցրեց ԱԽՔ-ի ընտրություններն անօրինական համարող որոշումը:

Օլիմպիական կոմիտեի քարտուղարի հայտարարության մեջ կետ առ կետ թվարկված էին բոլոր այն խախտումները, որոնք  թույլ են տրվել Ա. Բաղդասարյանի ընտրության ժամանակ: Դրանք բոլորն էլ հակասում են հայաստանյան և միջազգային օրենքներին:

ՀԱՕԿ-ի հայտարարությունից հետո Հայաստանում հայտնվեց ևս մեկ ոչ լեգիտիմ նախագահ` այս անգամ վոլեյբոլի ֆեդերացիայում: Անշուշտ, այս պատմությունից Գ. Ծառուկյանը դուրս եկավ շահած, քանզի նա չգնաց զիջումների և տեղի չտվեց անօրինականության և ամենաթողության մեքենային: Սա ցուցադրական օրինակ էր բոլորի համար` հաստատակամ և վճռական լինելու դեպքում որևէ ուժ, որևէ ճնշում չի կարող դիմակայել արդարությանը:

Օլիմպիական կոմիտեի հայտարարությամբ Գ. Ծառուկյանը վերջացրեց իր մասնակցությունն այս պատմության մեջ: Այսուհետ ունենք ինքնահռչակ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ մի կողմից, և գործելու մի քանի տարբերակներ ունեցող ՀԱՕԿ` ի դեմս  նրա քարտուղար Հրաչ Ռոստոմյանի: Ի դեպ, վերջինս շատ պարզ ակնարկեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱԽՔ-ի համառելը:

Արթուր Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Մարկոսն ու Սարկիսովը կարող են տեղափոխվել «Ակտոբե»’
Հաջորդ հոդվածը‘Marca. Դիեգո Կոստան ընտրել է Իսպանիայի ազգային հավաքականը’