‘ՀԱՕԿ քարտուղար. Այն ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում` ավելի քան մտահոգիչ է’

1436

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց: Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում` ավելի քան մտահոգիչ է: 
Եթե մի կողմ դնենք ազգային հավաքականի հարաբերական հաջողությունը, ապա մյուս բոլոր ոլորտներում հայկական ֆուտբոլը տապալվում է: Իսկ ազգային հավաքականի որոշակի հաջողությունները ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական եւ հոլանդական ֆուտբոլի դպրոցների հաջողություններն են: Չմոռանանք, թե որտեղ են ֆուտբոլիստներ դարձել Օզբիլիսը, Մովսիսյանը, Սարկիսովը, Մխիթարյանը…
Մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչպես է աշխատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Երեւանի մեկ-երկու ֆուտբոլային դպրոցները հանած, մարզերում ֆուտբոլը պարզապես մեռած է: Իսկ պատանեկան, երիտասարդական հավաքականների մեղմ ասած անմխիթար վիճակը, ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում: Եվ այս խնդիրներով մտահոգվելու և սեփական աչքի գերանը նկատելու փոխարեն ՀՖՖ նախագահը լծվել է այլոց քայլերին գնահատականներ տալուն: 
Ինչ վերաբերում է Ավանի ֆուտբոլի ակադեմիային, ապա բոլորն էլ գիտեն, թե ում փողերով եւ ջանքերով է այն իրականություն դարձել: 
Մեր ֆուտբոլում այնպիսի վիճակ է, որ մրցավարները միջազգային խաղ սպասարկելուց հանցագործություն են անում եւ հայտնվում բանտում: Սա է հայկական ֆուտբոլի իրական դեմքը: Մենք միջազգային ասպարեզում պարզապես խայտառակ ենք լինում: 
Մենք խայտառակ եղանք, երբ նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները գրեցին, որ ՀՖՖ նախագահը ծեծել է հավաքականի բժշկին: Կամ ինչի՞ նման է, երբ բոլորի աչքի առաջ ՀՖՖ նախագահը բռնում է մարզական լրագրողի կոկորդից կամ ռազբորկայի հրավիրում ակումբներից մեկի ղեկավարներին:
Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի մասին է վկայում նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ, երբ հազարավոր ֆուտբոլասերներ տոմսերը ձեռքներին մնացին մարզադաշտի պատերի տակ: Մինչեւ այսօր էլ չբացահայտվեց, թե ով կամ ովքեր էին մի տեղի համար երկու տոմս վաճառել: 
Ֆուտբոլի ֆեդերացիան մատը մատին չի խփել նաև ակումբային ֆուտբոլի կայացման հարցում: Այսօր հենց Ռուբեն Հայրապետյանն է խոստովանում, որ բացի մի քանի ակումբներից, մյուսները ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե օրինակներով խոսելու լինեմ, ապա պետք է փաստեմ, որ օրինակ «Փյունիկ»-ը եվրոպական ֆուտբոլային ակումբների աղյուսակի 5-երորդ հարյուրյակի սանդղակում է գտնվում: 
Իսկ երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, ապա սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք որ, իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է:
Մտահոգում է նաեւ, որ մարզական ֆեդերացիաներից մեկի նախագահին չի մտահոգում Վոլեյբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խայտառակությունը: Ավելին, անգամ Ռուբեն Հայրապետյանը փորձ է անում կանգնել անօրինակության հեղինակների կողքին:
Այս ամենից հետո, արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով պետք է գնահատականներ տա ՀԱՕԿ-ի և նրա նախագահի կատարած աշխատանքի վերաբերյալ: Կարծում եմ՝ ոչ: Այս դեպքում վստահ կարող եմ ասել, որ եթե ուրիշներին քննադատելու, ուրիշների կատարած ահռելի աշխատանքի նշանակությունը նսեմացնելուն ուղղված ջանքերն օգտագործվեին ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապա միգուցե մեր հավաքականի վիճակն այսպիսին չէր լինի: Իսկ եթե անգամ այսքանից հետո որոշ մարդիկ դեռ անհանգստության խրոնիկ դրսևորումներ ունենան, ապա խորհուրդ եմ տալիս պարզապես սառը ջուր խմել, ասում են՝ օգնում է»:  

Նախորդ հոդվածը‘Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը մեկ ամսով կերկարաձգվի’
Հաջորդ հոդվածը‘Ամենակրթված Հոլիվուդյան աստղերը’