‘ՀԲ. Մաքսային միությանն անդամակցությունը չի խանգարելու ՀՀ հետ համագործակցությանը’

721

Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի խանգարելու Համաշխարհային բանկին` շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երեւանում հայտարարեց ՀԲ Հարավային Կովկասի տրածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:

Հիշեցնենք, որ ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է առաջիկա չորս տարիներին Հայաստանին տրամադրվելիք 873 միլիոն դոլար վարկը: Այս թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին տրամադրված վարկային միջոցները: Մասնավորապես, նախորդ քառամյակի համար ՀԲ-ը տրամադրել էր շուրջ 500 միլիոն դոլարի վարկ:

«Մենք շարունակելու ենք Հայաստանում աջակցել մրցակցային տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի, ներդրումային միջավայրի բարելավմանը: Մենք խրախուսելու ենք մասնավոր ձեռնարկատիրությունը` բացառելով մեկ գերակա տնտեսվարող սուբյեկտի առկայությունը: Հետեւողական ենք լինելու հատկապես այն ոլորտներում, որտեղ գերակա դիրքի հավանականությունը մեծ է», — նշեց պաշտոնյան: Նրա խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո ՀԲ ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել Հայաստանի կառավարության հետ, եւ Կառավարությունը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը:

Լրագրողները հարց ուղղեցին ՀԲ ներկայացուցիչներին, ինչպե՞ս է պատահում, որ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատմամբ բարենպաստ ներդրումային, բիզնես միջավայր ունեցող Հայաստանում օտարերկրյա ներդրումները շարունակաբար նվազում են, որ հայաստանցի գործարարներն իրենք հաճախ արտագաղթում են, իսկ բնակչության մեկ երրորդն աղքատ է:

Հենրի Քերալին ի պատասխան նշեց, որ համաշխարհային տնտեսության աճը ԱՄՀ կանխատեսումներով այս տարի կկազմի 2,9 տոկոս: Դա, նրա խոսքով, վերջին տասը տարիների կտրվածքով ամենացածր ցուցանիշն է: «Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ բոլոր երկրներն են զգում ներդրումների պակաս: Բացի դրանից, Հայաստանը դեռ պետք է մեծացնի տնտեսական մրցունակության մակարդակը, բարելավի կառավարումը, ավելի հստակ պայքար մղի կոռուպցիայի դեմ: Այս ոլորտներում առաջընթաց կա, բայց այն հեռու է բավարար լինելուց», — նշեց Քերալին` հավելելով, որ Հայաստանը պետք է մրցակցի այլ երկրների հետ` առանց այդ էլ փոքրաքանակ ներդրողներին գրավելու համար:

Օտարերկրյա ներդրումների հարցի համատեքստում ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին նշեց, որ նույն` ազատ մրցակցության խնդրին է վերաբերում նաեւ այն, որ  հանրահայտ «Քարֆուր» ընկերությունն արդեն մի քանի տարի չի կարողանում գործունեություն ծավալել Հայաստանում: «Քանի որ «Քարֆուրի» հարցը մասնավոր է, մենք չենք կարող գնահատական տալ, թեեւ իրավիճակին տիրապետում ենք, բայց կարող եմ ասել, որ այդ հարցը մրցակցային դաշտին է վերաբերում», — նշեց նա:  

ՀԲ պաշտոնյաները ներկայացրեցին նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները: Ըստ այդմ, 2013-ին կանխատեսվում է 2-3 տոկոս, 2014-ին`նախնական գնահատականներով 4-5 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, ՀԲ տրածաշրջանային տնօրենը ընդգծեց, որ Ռուսաստանում, որը բավական բնական ռեսուրսներ ունի, այս տարի ընդամենը 2,5% աճ է սպասվում, իսկ համաշխարհային տնտեսության աճը 2,9 տոկոս կլինի:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՀԲ խմբի մեջ գտնվող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանի համար կանխատեսել է 2,5 տոկոս աճ, ապա, Քերալիի խոսքով, խնդիրը մեթոդաբանությունների տարբերության մեջ է:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի հետ կստեղծի ՀՕՊ միասնական համակարգեր ‘
Հաջորդ հոդվածը‘«Շանթի գործով» դատավորը խորհրդակցական սենյակում է’