‘ՀԴՄ կեղծ կտրոնների միջոցով պետբյուջեից ավելի քան 166 մլն դրամ են հափշտակել’

818

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության եղանակով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար Ի. Գեւորգյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166 775 568 դրամ գումար, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առեւտրային կաշառք:

ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն`  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ եւ ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով  մինչեւ 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Ի. Գեւորգյանը եւ Ս. Թազիյանը ներկայացրել են տարածքային հարկային տեսչություններ եւ ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:

Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքների կողմից:

Ի. Գեւորգյանը մինչեւ 2010թ. հուլիս ամիսը տարածքային հարկային մարմիններում եւ մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ եւ ստացել բոնուսային գումարներ: 2010թ. հուլիսին Ի.  Գեւորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարները խարդախության եղանակով հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության  է եկել Ս. Թազիյանի հետ` ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:

Իրենց ինքնությունը չբացահայտվելու նպատակով Ի. Գեւորգյանը դիմել է իր ուսանող ընկերներին եւ ՀԴՄ օրինական կտրոններ հանձնելու պատրվակով խնդրել նրանց տարբեր քաղաքացիներից անձնագրերի պատճեներ հավաքել: Վերջիններս, օգտագործելով իրենց մտերմական, ընկերական եւ հարազատական կապերը,   հավաքել են շուրջ 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեներ: 

Բացի այդ, Ի. Գեւորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների ելքագրված եւ այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: Ապա դրանք ընդգրկելով այլ կազմակերպությունների կողմից ելքագրված օրինական ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում` նախապես հավաքված անձնագրերի պատճեներով հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի փոստային բաժանմունքներ եւ խարդախությամբ հափշտակել  բոնուսային գումարներ:

Վերջիններս, տեղյակ լինելով, որ ըստ սահմանված կարգի  բոնուսային գումարները «Հայփոստ»-ի բաժանմունքներից ստանալու համար ենթակա են վճարման անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմաններում,  «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել եւ որպես առեւտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:

Արդյունքում խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող կտրոնների խմբաքանակների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 166 775 568 դրամ բոնուսային գումար:

Ի. Գեւորգյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի եւ 2-րդ կետերով եւ 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ի. Գևորգյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված ազատազրկում 3/երեք/ տարի ժամկետով պատժի կրումից, եւ դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 6 տարի 6 ամիս ժամկետով: 

Ս. Թազիյանի նկատմամբ դեռեւս նախաքննության փուլում հայտարարվել էր հետախուզում: Փոստային բաժանմունքների պատասխանատու անձանցից 4-ի  վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 4-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է, իսկ եւս 5 աշխատակիցների վերաբերյալ շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:  

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը աշխատանքի մրցույթ է անցկացնում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’