‘
New Yorker շաբաթաթերթի նոր համարը լույս կտեսնի շապիկի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից դուրս եկող «վտանգավոր ծաղրածուի» կերպարով:
«Իմ կյանքը լրիվ խաթարվել է: Սա ազգային մակարդակի մղձավանջ է,-ամսագրի կայքը մեջբերում է նկարազարդման հեղինակի՝ Քարտեր Գուդրիչի խոսքը:-Ես հիմա էլ նույնքան ցնցաված եմ, որքան մեկ տարի առաջ ընտրությունների գիշերը: Ծաղրը բացահայտում է այն իրավիճակը, որն ինձ ողբալի է թվում: Նա առանց այդ էլ ծաղրանկարային չարագործ է՝ մանկամիտ ու տարօրինակ»,- շարունակում է Գուդրիչը՝ Թրամփին անվանելով «վտանգավոր ծաղրածու»:
New Yorker-ի թարմ համարը լույս է տեսնելու հոկտեմբերի 30-ին՝ Հելոուինի տոնի նախօրյակին: Ամերիկյան նախագահն առաջին անգամ չէ, որ վառ կերպարով հայտնվում է ամսագրի շապիկին: Օգոստոսյան համարում Թրամփը պատկերված է նավակում նստած և Կու-Կլուքս-Կլանի կնգուղավոր գլխանոց հիշեցնող առագաստները փչելով: Այդ շապիկը մտահղացվել էր Շառլոտվիլլում ծայրահեղ աջերի բողոքի ցույցերի մասին ամերիկյան նախագահի արտահայտությունների արդյունքում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘