‘Հեյգ. Անկախություն հայտարարելու դեպքում Շոտլանդիան կհայտնվի ԵՄ-ից դուրս’

696

Շոտլանդիան կհայտնվի Եվրամիության սահմաններից դուրս, եթե նրա բնակչության մեծամասնությունը եկող տարվա սեպտեմբերին  կայանալիք հանրաքվեում քվեարկի հօգուտ անկախության: Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: «Շոտլանդիան, անշուշտ, մեծապես շահում է նրանից, որ հանդիսանում է Միացյալ Թագավորության մասը: Միացյալ Թագավորությունը ևս հսկայական օգուտ է ստանում նրանից, որ Շոտլանդիան իր մասն է հանդիսանում: Շատ կարևոր է հասկանալ, որ եթե Շոտլանդիան դուրս գա Միացյալ Թագավորության կազմից, նա նաև դուրս կմնա այն կազմակերպություններից, որոնց անդամն է Միացյալ Թագավորությունը, այդ թվում՝ Եվրամիությունից»,- հայտարարել է Հեյգը:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն իր հերթին հայտարարել է, որ անկախություն հայտարարելու դեպքում Շոտլանդիան սպառնալիք կստեղծի Միացյալ Թագավորության անվտանգությանը, քանի որ նորանկախ պետությանը ժամանակ է պետք սեփական բանակը և անվտանգության մարմիններն ստեղծելու համար: Մեյը նաև ընդգծել է, որ արդյունավետ ուժային կառույցների բացակայության պատճառով անկախ Շոտլանդիայի իշխանությունները չեն կարողանա ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, մասնավորապես՝ ահաբեկչության սպառնալիքից:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ավելի վաղ հայտարարել էր, որ անկախանալու դեպքում Շոտլանդիան պետք է դիմի ԵՄ ընդունվելու համար և անդամակցելու վերաբերյալ բանակցություններ վարի կազմակերպության անդամ-երկրներից յուրաքանչյուրի հետ:

Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվելու է տարածաշրջանային կառավարության նախաձեռնությամբ, որը գլխավորում է Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սելմոնդը: Անկախության կողմնակիցների հաշվարկներով՝ հանրաքվեում իրենց հաղթանակի դեպքում Շոտլանդիան կանկախանա 2016 թ.: Սակայն հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ի պաշտպանություն անկախության՝ հանդես է գալիս Շոտլանդիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, մինչդեռ երկու երրորդը դեմ է անկախությանը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ» — «Չելսի»՝ 0-2. Օզիլը իր մարզաշապիկը նվիրեց Մոուրինյոյին ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր` հոկտեմբերի 30-ին սպասվող իրադարձությունները’