‘Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար’

795

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է մարտի 26-ին Երեւանում կայացած Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա հանդիպումից (0:3) հետո իր խաղընկերների հասցեին ուղղված  քննադատությանը:

Այն հարցին, թե արդյո՞ք ինչ որ լարվածություն կա հավաքականում, նա ասել է.

«Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո Մխիթարյանը ասել էր հետեւյալը.

«Պարտության պատճառն այն է, որ մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում: Մտածում են՝ խաղան հանդիսատեսի համար, բայց այդպես ֆուտբոլ չեն խաղում: Եթե գալիս ես ազգային հավաքական, պետք է ամբողջ ուժդ ներդնես, ցույց տաս ֆուտբոլասերին, թե ինչի ես ընդունակ: Եթե սիրտ ու հոգի դնես, ապա ամեն ինչ կստացվի խաղադաշտում: Ֆուտբոլիստներ կան, որ դա չէին անում: Արդյունքը ստացվեց՝ 0:3 հաշիվ»

Նախորդ հոդվածը‘Վաղը սպասվում են կարճատև տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Պոլսահայ վերլուծաբան. Գեզի պուրակի խնդրի լուծումը թուրք հասարակությանը չի բավարարում ‘