‘Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆոտբոլիստ (տեսանյութ)’

1656

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին այսօր անգլիական ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Բարի գալուստ, Հենրիխ, ի՞նչ զգացողություններ ունես «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստ դառնալուց հետո։

-Շատ շնորհակալ եմ։ Ես հուզված եմ։ «Մանչեսթեր Յունայթեդում խաղալն ինձ համար մեծ հնարավորություն և նոր մարտահրավեր է, և ես կներդնեմ բոլոր ուժերս։

Ժոզե Մոուրինյուի գործոնը որքանո՞վ ազդեց քո որոշման վրա։

-Դա որոշիչ գործոններից մեկն էր իմ ընտրության կայացման մեջ, բայց կարևոր էր նաև այն, որ «Ման. Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, և չէի կարող մերժել այս առաջարկը: Երջանիկ եմ այստեղ լինելու համար:

Քեզ ոգևորո՞ւմ է Ռունիի, Իբրահիմովիչի և մյուս աստղերի հետ խաղալու միտքը:

-Այս տարի թիմը շատ լավն է լինելու, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ նման ֆուտբոլիստների կողքին:

Դու սպորտային ընտանիքից ես, հայրդ՝ Համլետը, հայտնի ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել նա քո կարիերայի վրա, ու ինչքա՞ն հպարտ կլիներ նա, որ դու այսքան առաջ ես գնացել ֆուտբոլում։

-Երբ նա խաղում էր, ես չէի հասկանում, թե ինչ է ֆուտբոլը, բայց նրա մահից հետո սկսեցի երազել ֆուտբոլիստ դառնալու մասին: Ցանկանում էի շարունակել նրա արած գործը, և հույս ունեմ, ճիշտ ճանապարհին եմ:

Նա հաստատ հպարտ կլիներ քեզանով: Դու խաղացել ես Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում` Դորտմունդի «Բորուսսիայում», և այդ տարիներին միշտ առաջընթաց ես ունեցել: Կարո՞ղ ես ասել, որ հիմա քո կարիերայում հասել ես լավագույնին։

-Երբ ետ եմ նայում, երևի կարող եմ ասել, որ երկար ճանապարհ եմ անցել, բայց չեմ կարծում, որ սա վերջնակետն է, ես դեռ առաջընթացի տեղ ունեմ, և շատ երջանիկ եմ դրա համար, քանի որ կարծում եմ՝ կյանքում ամեն ինչ ճիշտ եմ արել։ Հուսով եմ, քայլ առ քայլ կշարժվեմ առաջ:

Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ համար լինելու Պրեմիեր լիգայում խաղալը:

-Բլորը գիտեն, որ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնություններից մեկն է ու ես երջանիկ եմ դրա մի մասնը լինելու համար:

Կագավայի ու Յանուզայի հետ խոսե՞լ ես «Ման. Յունայթեդի» և Պրեմիեր լիգայի մասին:

-Յանուզայն իմ ընկերներից է, մենք շատ մտերիմ ենք, ու ես այստեղ գալուց առաջ էլ անընդհատ կապի մեջ էի նրա հետ։ Նա միշտ հարցնում էր` միանալու՞ ես մեզ, թե ոչ: Սկզբում ասում էի` չգիտեմ, բայց վերջապես այստեղ եմ, ու հուսով եմ՝ նա ինձ համար և՛ ընկեր կլինի, և՛ օգնական:

Հպա՞րտ ես, որ առաջին հայը ֆուտբոլիստը, որը խաղալու է Պրեմիեր լիգայում, և ինչպե՞ս կվերաբերվեն քո տեղափոխությանը հայրենիքում:

-Կարծում եմ` շատերն էին սպասում այս տրանսֆերին, և ուրախ եմ, որ հայրենիքում հպարտ են ինձնով: Ինձ համար ևս մեծ պատիվ է լինել առաջին հայֆուտբոլիստն Անգլիայում, կփորձեմ արդարացնել բոլորի ակնկալիքները։

Հայաստանում «Ման. Յունայթեդը» շա՞տ է հայտնի:

-Կարծում եմ` ամենահայտնիներից մեկն է:

Առաջին շրջագայությունը Չինաստանում է լինելու, և թիմի առաջին մրցակիցը լինելու է Դորտմունդի «Բորուսսիան»: Ի՞նչ ես զգում այդ առթիվ։

-Իհարկե, տարօրինակ կլինի հանդիպել իմ թիմակիցներին, նախկին թիմակիցներիս, հատկապես առաջին խաղում: Երևի անսովոր զգացողություններ կլինեն, բայց «Ման. Յունայթեդն» իմ նոր թիմն է, և պետք է սովորել դրան:

Դրան հաջորդելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը: Ընդհանրապես, առաջիկա ամբողջ շրջագայությունը նոր փորձ է լինելու քեզ համար: Պատրաստվու՞մ ես դրան:

-Այո, լսել եմ այդ ամենի մասին, կարծում եմ` պատրաստ կլինեմ:

Հաջողություն ենք մաղթում այդ հարցում։ Ի՞նչ ակնկալիքներ ունես ինքդ քեզնից նոր մրցաշրջանում:

-Իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ, կշարունակեմ քրտնաջան աշխատել: Այն գոլերն ու գոլային փոխանցումները, որոնք հեղինակել եմ նախորդ մրցաշրջանում, կփորձեմ անել նաև այս տարի։

Օլդ Թրաֆֆորդը» մեծ մարզադաշտ է։ Ի՞նչ կզգաս այնտեղ խաղալիս։

-Անկեղծ ասած, երբեք չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդում», բայց սա աշխարհի ամենահիանալի մարզադաշտերից մեկն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդի» և մարզադաշտում գտնվող երկրպագուների համար:

Ի՞նչ կուզենաս ասել «Ման. Յունայթեդի» հիանալի երկրպագուներին:

-Սիրելի երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի ճգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել։

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հրաժեշտի նամակը «Բորուսիայի» երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Չավի․ «Ցանկության դեպքում Մեսսին կարող է խաղալ Պիկեի դիրքում»’