‘
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16-ին առաջին հանդիպումն անցկացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նորամուտի խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնն արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց անգլիական «Ուիգանի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, բայց հանդես էր գալիս ոչ թե աջ կիսապաշտպանի, այլ ենթահարձակվողի դիրքում եւ բավական ակտիվ էր առաջին խաղակեսում:
Սկզբնամասում մանչեսթերցիներն ունեին հսկայական տարածքային առավելություն եւ գրեթե գնդակը չէին տալիս մրցակցին, սակայն գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Հենրիխ Մխիթարյանը ակտիվ էր եւ մի քանի անգամ փորձեց սրություն հաղորդել գրոհներին: Մրցակցի տուգանայինում նա կատարեց մի քանի վտանգավոր փոխանցումներ, բայց թիմակիցները չկարողացան արդյունավետ եզրափակել դրանք: 25-րդ րոպեին Մխիթարյանը հիանալի փոխանցում կատարեց հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպային, որը եւս չգրավեց դարպասը: 37-րդ րոպեին եզրից եկած գրոհը պետք է եզրափակեր արդեն Հենրիխը, սակայն հայ կիսապաշտպանի հարվածը բարձր չստացվեց:
Առաջին խաղակեսում «Ուիգանին» չէր հաջողվում մոտենալ մրցակցի դարպասին, իսկ գնդակի պարզունակ վերահսկումը ոչինչ չէր տալիս մանչեսթերցիներին, եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Ընդմիջումից հետո Մխիթարյանի, Լինգարդի, Մեմֆիսի, Ֆոսու-Մենսայի, Կերիկի, Շոուի և Ուիլսոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Վալենսիան, Յանուզայը, Ջոնսը, Յանգը, Կինը, Պերեյրան և Մատան։ Մոուրինյուի կատարած փոփոխություններն աշխատեցին, և 49-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ուիլ Կինը։ 9 րոպե անց Անդրեաս Պերեյրան կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Հավելենք, որ հուլիսի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացնելու Դորտմունդի «Բորուսսիայի» հետ, հուլիսի 25-ին՝ «Մանչեսթեր Սիթիի», իսկ հուլիսի 30-ին՝ «Գալաթասարայի»։
‘