‘Հենրիխ Մխիթարյան․ «Ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել»’

2329

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախքան Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը հարցազրույց է տվել իսպանական «Marca» պարբերականին։

Ինչպե՞ս է Ձեզ վրա ազդել Ձեր հոր՝ Համլետ Մխիթարյանի կյանքից վաղաժամ հեռանալը:

-Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Ես երեխա էի: Կցանկանայի՝ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ հաջողություններով։ Նա միշտ օրինակ է եղել ինձ համար։

Ձեր հայրը ևս մշտապես գոլեր է խփել։ Հավանաբար, տեսագրություններով դիտել եք նրա խաղը։ Խաղային տեսանկյունից նմա՞ն եք նրան։

-Իհարկե, դիտել եմ տեսագրություններ, նա բավական արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ նմանություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:

Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ, փոքրինչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:

-Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել յոթերորդ լեզուն (ժպտում է): Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք՝ ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է՝ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:

Հայտնի է, որ մանուկ հասակում հիացել եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա գլխավորությամբ:

-Զիդանը մանկուց եղել է իմ կուռքը։ Ես հիացել եմ նրա խաղով և հաղթելու ցանկությամբ: Կարծում եմ՝ նման առաջատարի գլխավորությամբ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:

Դուք գնդակով ամենաարագ ֆուտբոլիստներից եք։ Մի՞շտ եք արագավազ եղել, թե՞ դրան հասել եք տքնաջան մարզումների արդյունքում։

-Ժամանակակից ֆուտբոլը հաջողության հասնելու համար մեծ պրոֆեսիոնալիզմ և տքնաջան աշխատանք է պահանջում։ Արդյունք կարող են տալ տաղանդն ու աշխատանքը միասին։ Այդպիսին է իմ խաղային փիլիսոփայությունը։ Ես իմ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին։ Ես ապրում ու շնչում եմ ֆուտբոլով։

Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի «Kicker»-ի վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։ Եթե չենք սխալվում, հաղթողը որոշվում է Բունդեսլիգայի խաղացողների քվեարկության արդյունքում։

-Հպարտ եմ, որ նման մրցանակի եմ արժանացել։ Հատկապես ուրախացնում է, որ ընտրել են Բունդեսլիգայի ֆուտբոլիստները։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի, և ես շնորհակալ եմ նրանց։

Դուք կարող եք խաղալ փլեյմեյքերի, եզրայինի, հենակետայինի դիրքերում։ Ո՞րն է Ձեզ սիրելի դիրքը։

-Շատ եմ սիրում փլեյմեյքերի դերակատարությունը, քանի որ այդպես կարողանում եմ ցույց տալ իմ ստեղծագործ խաղը։ Ամեն դեպքում, միշտ պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որտեղ մարզիչը կցանկանա ինձ տեսնել։

Նախորդ մրցաշրջանում խփեցիք 23 գոլ ու կատարեցիք 32 արդյունավետ փոխանցում: Կարո՞ղ եք բարելավել այդ արդյունքը:

-Կարող եք հասնել նպատակների, եթե կենտրոնանաք դրա վրա: Ես նպատակներ ունեմ, ու մտադիր եմ հասնել դրանց:

Ձեր առաջընթացի համար ի՞նչ է արել Թոմաս Տուխելը։

-Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի, սիրում է հարձակվողական, վառ խաղաոճը։ Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան վստահության համար:

Ինչո՞ւ եք հաճախ մասնակցում բարեգործական ակցիաների:

-Դա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել այն սերն ու հավատարմությունը, որը ստանում եմ երկրպագուների կողմից: Ինձ դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել: Օրինակ՝ Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել, և ես հպարտանում եմ, որ բարեգործական միջոցառումներով օգնել եմ մարդկանց, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմի ընթացքում: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են ապրելու լավագույն աշխարհում, առանց խնդիրների։

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016․Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն․ «Սա աննկարագրելի ցավ պատճառող պարտություն է» (տեսանյութ) (տեսանյութ)’