‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում’

784

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ակումբային ամսագրի հունվարյան համարի գլխավոր հերոսը:

Վերջինս ոչ միայն հայտնվել էր «Շախտյոր» ամսագրի շապիկին, այլ նաև ծավալուն հարցազրույց է տվել, որը ներկայացրել է SportArmenia.com-ը:

Հենրիխը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է տարբեր թեմաների` անձնական կյանքից մինչ խաղադաշտ, քննադատությունից` նպատակներ:

—  Հենրիխ, դու անցած տարի հայտնվել ես գրեթե բոլոր ֆուտբոլային վարկանիշային աղյուսակներում, լինի դա Հայաստանում, Ուկրաինայում, թե Եվրոպայում: Չե՞ս վախենում, որ հանրաճանաչությունը կխենթացնի քեզ:

Չեմ վախենում, որովհետև մշտապես երազել եմ այդ մասին: Ես ստիպված եմ եղել երկար ուղի անցնել այս ամենի համար: Եվ դա անելը բարդ էր: Նույնն է նաև կյանքում. բարդ է հասնել ինչ-որ բանի, սակայն հեշտ է կորցնել:  Ես գիտեմ այս ամենի գինը և չեմ կորցնի այն երբեք:

— Այսինքն` դու քեզ արհեստականորեն պահո՞ւմ ես, որպեսզի չընկնես փառքի ազդեցության տակ:

Ոչ, ես երբեմն հատուկ լսում եմ, թե մարդիկ ինչ են իմ մասին խոսում: Դա շատ հաճելի է և ուժ է տալիս ու ստիպում ավելի լավ աշխատել:

Ու՞մ կարծիքն է քեզ համար ամենակարևորը:

Նախևառաջ, ես ինքս եմ իմ քննադատը: Ես ինքս գիտեմ` երբ եմ լավ խաղացել, երբ վատ: Իսկ հետո արդեն գալիս են Լուչեսկուն, ընկերներս, ազգականներս:

— Ինչպե՞ս ես ընդունում քննադատությունը քո հասցեին:

Եթե քննադատությունը համապատասխանում է իրականությանը, ապա ես այն շատ լավ եմ ընդունում: Այդ ամենը նշանակում է, որ ես ունեմ ավելի լավ խաղալու հնարավորություն:

Քեզ կարելի՞ է հասցնել կատաղության:

Կա սահման, որից հետո, գիտեմ, շարունակել պետք չէ, անօգուտ է: Ես կշարունակեմ ապացուցել, սակայն ոչ թե խոսքերով, այլ խաղով:

—  Իսկ ինչպե՞ս է անձնական կյանքդ, քանի որ հիմնականում բազայում ես: Այդ դեպքում քո հնարավորությունները քիչ են ծանոթանալու քո ապագա կնոջ հետ:

— Միգուցե, սակայն ճակատագիր է, նրանից չես խուսափի:

— Իսկ միգուցե բազայում ապրելով` խնայու՞մ ես:

— Ոչ (ծիծաղում է): Երբեք փողի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Դրանք ինձ համար վերջում են: Ընտրել եմ մարզաբազան, քանի որ ցանկանում եմ ամբողջովին կենտրոնանալ իմ գործի վրա:  Ես ցանկության դեպքում դուրս եմ գալիս քաղաք: Ուղղակի շատ եմ կարոտում Հայաստանում մնացած իմ ընկերներին և հարազատներին:

—   Քո մայրն ու քույրը հաճա՞խ են ներկա լինում խաղերիդ:

— Վերջին խաղը, որին ներկա է եղել քույրս, «Յուվենտուսի» դեմ խաղն էր Թուրինում: Իսկ մայրս… (երկար է մտածում) Հայաստանի հավաքականի խաղը Լիտվայի դեմ: Եթե խոսենք «Շախտյորի» մասին, ապա «Բարսելոնայի» դեմ հանդիպումը երկու տարի առաջ:

— Սակայն հեռուստացույցով նրանք դիտու՞մ են:

— Այո, միշտ: Եվ հեռուստատեսությամբ, և համացանցով: Խաղից անմիջապես հետո զանգում են, շնորհավորում, բարկանում երբեմն:

— Ի՞նչ է փոխվել քո մեջ «Շախտյոր» տեղափոխվելուց հետո:

— Ավելի մեծ եմ դարձել: Երբ եկա, 21 տարեկան էի, այժմ 24 տարեկան եմ:

— Զգու՞մ ես, որ ավելի հասուն ես դարձել:

— Այո, քանի որ սովորել եմ այս թիմին: Արդեն սովորել եմ թիմին, կոլեկտիվին, փորձառու մարդ եմ դարձել:

— Զգու՞մ ես որ թիմում մեծացել է քո դերը, ունես ձայնի իրավունք:

— Խոսքի իրավունք դեռ չունեմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր ինձնից ավելի վաղ են եկել ակումբ: Մենք ունենք ավագ և երկրորդ ավագ: Ես կարող եմ իմ աշխատանքն անել խաղադաշտում: Դա է իմ իրավունքը:

— Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ դա հայտնի ես դարձել աղջիկների շրջանում: Շատ երկրպագուհիներ քեզ տեսնում են որպես իրենց հնարավոր ամուսին:

— Դեռ ոչ ոքի հետ չեմ ծանոթացել: Ոչ ոք ինձ չի մոտեցել (ծիծաղում է): Իսկ ընդհանրապես հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:

— Ամեն դեպքում,  դու ապրում ես մարզաբազայում  և հաճախ դուրս չես գալիս:

— Երբեմն դուրս եմ գալիս: Ուղղակի գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչի համար խաղում: Գիտեմ, որ կարելի է երկուսն էլ համատեղել: Սակայն ես ցանկանում եմ շարունակել գոլերի հեղինակ դառնալ, չեմ պատրաստվում փոխել ճանապարհս: Այն ինձ համար մեկն է, և չեմ ցանկանում համատեղել:

Թիմակիցներդ ի՞նչ են ասում բնակությանդ վայրի վերաբերյալ:

— Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում: Արդեն մեկ տարի է, ինչ ոչինչ չեն ասում, հանգստացել են: Սակայն երբեմն խայթում են` ասում են` տուն ես գնում, թե մնում ես բազայում:

— Ո՞ր հանդիպման կամ ո՞ր չփխած գոլի համար ես ամենից շատ ափսոսում:

— Շատ են եղել պահեր, որոնք ես չեմ իրացրել: Սակայն ես աշխատում եմ դրա վրա, քանի որ գիտեմ, որ խաղում կարող է նման մեկ դեպք լինել և այն պետք է օգտագործել: Օրինակ, 0:0 հաշվի դեպքում 90-րդ րոպեին դու հնարավորություն ես ստանում, որը պետք է անպայման օգտագործես: Փորձում եմ կատարելագործվել, քանի որ վերջին ամիսներիներին դրա հետ կապված որոշ խնդիրներ ունեմ:

Այնուամենայնիվ, ո՞ր պահի մասին եք ամենից շատ ափսոսում:

— Կարծում եմ` տնային հանդիպումը «Չելսիի» հետ: 5 անգամ հարվածեցի դարպասին, սակայն Չեխը դուրս բերեց գնդակը:

— Ինչպե՞ս ես վերաբերվում հայ երկրպագուներին, ովքեր, անկախ ամեն ինչից, քեզ միշտ գովում են:

— Ես երբեք չեմ ընդունում գովասանքը, եթե գիտեմ, որ վատ եմ խաղացել: Նրանք ֆանատներ են, դա նորմալ է: Նրանք այն մարդիկ են, ովքեր միշտ քեզ սիրում և աջակցում են: Ես շնորհակալ եմ նրանց: Ի դեպ, այժմ իրավիճակը փոխվել է. երբ ես վատ եմ խաղում, իմ հայրենակիցները սկսում են քննադատել ինձ:

— Ինչպե՞ս ես կատարելագործում արդյունավետությունդ, տուգանայինների վրա աշխատու՞մ ես:

— Ես մարզման ժամանակ ստեղծում եմ գոլային վիճակներ ինձ համար: Անգամ եթե դարպասապահ չկա, դու պատկերացնում ես` թե ինչպես պետք է ճիշտ հարվածել: Ես դա էլ փորձում եմ: Իսկ տուգանային հարվածների համար ընկերներիս հետ մնում եմ մարզումներից հետո ու աշխատում նաև այդ ուղղությամբ:

— Սակայն դու խաղերի ժամանակ տուգանայիններ չես իրացնում: Ինչո՞ւ:

— Ուղղակի Միսթերը հանդիպումից առաջ ասում է, թե ով պետք է իրացնի տուգանայինները: Դրա համար էլ ես չեմ մոտենում գնդակին:

— Դու էմոցիոնալ մարդ ես: Ինչպե՞ս է 11 մետրանոցն իրացնելիս:

— Ես արդեն փորձել եմ 11 մետրանոց «Գովերլայի» դեմ խաղում, սակայն վրիպել եմ: Որ հնարավորություն լինի, անպայման նորից կփորձեմ, ինչո՞ւ ոչ:

— Չե՞ս վախենում վնասվածք ստանալ:

— Ոչ, եթե ֆուտբոլիստը խոտածածկին դուրս գալ նման մտքերով, ապա անպայման վնասվածք կստանա:

Նախորդ հոդվածը‘«Անտիդասադուլավորներն», ըստ էության, 2 օր է՝ դասադուլ են անում’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորի օգնականը «Ախալքալակի լեգիոնին» «քսի է տալիս» դասադուլավորների վրա (Տեսանյութ)’