‘Հենրիխ Մխիթարյան. Մենք միշտ էլ մարտական ենք տրամադրված’

754

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղադաշտ դուրս կգա Իտալիայի դեմ։ Հայաստանում են և արդեն մարզվում են նաև մեր լեգեոներները, այդ թվում՝ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հարցազրույց է տվել «168 Ժամին»։

Խաղից առաջ տրամադրությունն ինչպիսի՞ն է։

— Տրամադրությունը  միշտ էլ շատ լավ է, միշտ էլ մարտական ենք տրամադրված՝ հաղթելու ցանկությամբ։ Բոլորս էլ գալիս ենք ազգային հավաքական, որպեսզի հաղթենք և ուրախացնենք հայ ժողովրդին։

Սրանից մի կարճ ժամանակ առաջ «Շախտյորի» կազմում խաղում էիր «Յուվենթուսի» դեմ, որի ֆուտբոլիստներից շատերը հոկտեմբերի 12-ին արդեն Իտալիայի կազմում դուրս են գալու խաղադաշտ։ Ո՞ւմ կառանձնացնես նրանցից, ո՞վ է ավելի վտանգավոր։

— Ինչ-որ մեկին չէի ցանկանա առանձնացնել, քանի որ ցանկացած թիմ ուժեղ է, առաջին հերթին, հենց իր թիմային խաղով։ Եթե ինչ-որ մեկը չլինի` հաստատ նրա փոխարեն կլինի ուրիշ մեկը։ Առանձին վերցրած որևէ մեկը եղանակ չի ստեղծում, չնայած, որ Իտալիայի հավաքականում բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են։ Այնպես որ, կառանձնացնեմ ամբողջ թիմին և կասեմ, որ շատ լուրջ ու շատ բարդ հանդիպում է սպասվում։

Հայաստանում բոլորն էլ հավատում են, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթել Իտալիային։ Չեն հավատում միայն բուքմեյքերները, ովքեր Հայաստանի հաղթանակը գնահատում են 9 գործակցով։ Դու ի՞նչ գործակցով կգնահատես։

— Ես ոչ մի գործակցով էլ չեմ գնահատի, քանի որ ցանկացած հանդիպում սկսվում է 0-0 հաշվով, այսինքն՝ երկու թիմերի հաջողության հասնելու հավանականությունը հավասար է։ Դա ամենասխալ բանն է, երբ մարդիկ հավատում են բուքմեյքերներին ու փորձում են ինչ-որ հետևություններ անել։ Այնպես որ, ինձ այդ գործակիցներն ընդհանրապես չեն հետաքրքրում։ Բոլորս մտնում ենք խաղադաշտ՝ խաղալու և հաղթելու համար, և չենք նայում, թե ո՞վ` ինչպե՞ս է գնահատում մեր հաղթելու շանսերը։

Հայաստանի հավաքականը նախորդ տարի գերազանց հանդես եկավ, և հիմա ֆուտբոլասերները հավաքականից ավելին են սպասում։ Դա ինչ-որ առումով ճնշում գործադրո՞ւմ է ձեզ վրա, հոգեբանորեն ավելի դժվար չի՞՝ հաշվի առնելով, որ պատասխանատվությունն այժմ ավելի մեծ է։

— Ո՛չ, ճնշում չկա։ Ցանկացած ֆուտբոլիստ, այսպես թե այնպես, գիտակցում է այդ պատասխանատվությունը, քանի որ ազգն է ներկայացնում և պետք է կարողանա պատվով դուրս գալ։ Մենք էլ մեր խաղով փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նախորդ տարվա հաջողությունները կրկնենք և ավելիին հասնենք։ Իհարկե, լինում են դեպքեր, որ պարտվում ես, կամ խաղը լավ չի ստացվում։ Սակայն դա էլ բնական է, քանի որ սա սպորտ է, իսկ սպորտում միայն հաջողություններ չեն լինում, այլ լինում են նաև սայթաքումներ և դժվար պահեր։ Կարող եմ ասել, որ ունեցել ենք դժվար պահեր, սակայն փորձել ենք պատվով դուրս գալ։

Սարգիս Հովսեփյանը խաղադաշտում այլևս ձեր կողքին չի լինի։ Ինչպե՞ս կազդի նրա բացակայությունը։

— Ցանկացած ֆուտբոլիստի բացակայությունն էլ մեծ դեր է խաղում, մանավանդ, երբ սովորել ես քո խաղընկերոջն ու երկար տարիներ խաղացել ես իր հետ։ Սակայն ինչ-որ ժամանակ անց գալիս է այդ պահը, երբ նա պետք է թողնի ֆուտբոլը և զբաղվի ուրիշ գործով։ Շատ շնորհակալ ենք Սարգիս Հովսեփյանից, որ կարողացել է 20 տարի լինել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ և օգնել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր եկել են հավաքական։ Իմանալով, որ նա հեռանում է, ես ինչ-որ տեղ տխրեցի, քանի որ, լինելով թիմի լեգենդ, ազգի ամենատարեց ֆուտբոլիստ և իմ ամենամտերիմ ընկերներից մեկը՝ ինձ համար ցավալի էր ընդունել դա։ Սակայն պետք է շարունակենք խաղալ, պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի։

Մի քիչ էլ «Շախտյորից» խոսենք։ Այս պահին Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն ես՝ 14 գնդակով։ Սովորաբար, երբ նշանակվում է 11-մետրանոց հարված, այն վստահում են ռմբարկուին, որպեսզի նա ավելի ամրապնդի իր դիրքերը խփած գոլերով։ Սակայն «Շախտյորի» վերջին խաղերում 11-մետրանոցները վստահում էին բրազիլացի ֆուտբոլիստներին (որոնք, ի դեպ, վրիպում էին)։ Դա ինչպե՞ս կբացատրես։ Կողքից այդ ամենը խանդի տպավորություն է թողնում։

— Դե, չեմ կարող ասել, որովհետև դա իմ որոշելիքը չէ։ Մարզիչն է որոշում, թե ո՞վ պետք է իրացնի 11-մետրանոցները։ Ինչ վերաբերում է 14 գոլին, ապա դա ռեկորդ չի։ Ռեկորդը եղել է 22 գոլ։ Իհարկե, ձգտում կա գերազանցել այդ ռեկորդը։ Սակայն ֆուտբոլում ամենակարևորն այն է, որ թիմին օգնես և թիմի հետ հասնես հաղթանակ:

Մի ժամանակ լուրեր էր շրջանառվում, որ «Արսենալն» է ցանկանում քեզ ձեռք բերել։

— Ես ոչ մի տեղեկություն չունեմ, քանի որ դա անձնապես ինձ չի վերաբերում։ Ակումբը կարող է ինչ-որ նորություններ ունենալ կամ առաջարկություններ ստանալ։ Իսկ անձամբ ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ոչ մի առաջարկություն չի եղել։ Ես  ցանկանում եմ խաղալ «Շախտյորում» այնքան ժամանակ, որքան ինձ «Շախտյորը» կցանկանա տեսնել իր շարքերում։

Քո գործակալը վերջերս ասել էր, որ մի քանի եվրոպական ակումբներ հետաքրքրվում են քո ծառայություններով։

— Ես գործակալ չունեմ…

Սակայն ռուսական մի քանի լրատվամիջոցներում ոմն Դմիտրի Սելյուկ հանդես էր եկել՝ որպես քո գործակալ, և մտքեր էր արտահայտել տրանսֆերի հնարավորության մասին։

— Ես չգիտեմ` ինքն ո՞վ է։ Ես գործակալ չունեմ ու չեմ էլ պատրաստվում ունենալ։ Դրա կարիքը չունեմ։ Ես չեմ ուզում ունենալ գործակալ,  ով պետք է ամեն առիթով իմ անունը շոշափի։ Ավելի լավ է՝ ես իմ աշխատանքով բոլորին ցույց տամ, որ կարող եմ անել ամեն ինչ՝ առանց գործակալի։

Մի տեղ կարդացել եմ, որ 6 լեզվի ես տիրապետում։ Դա արդեն երևի ճի՞շտ է։

— 6 չէ, 5՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։

Ազատ շփվո՞ւմ  ես այդ բոլոր լեզուներով։

— Այո:

Նախորդ հոդվածը‘Գրականության գծով Նոբելյան մրցանակակիրը չինացի Մո Յանն է’
Հաջորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Ըստ էության, դեսպանները ճիշտ բաներ են ասում’