‘
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հարցազրույց է տվել գերմանական Kicker-ին:
Հայ ֆուտբոլիստները իրենց խաղով երկակի զգացումներ են պարգևում: Վրաստանի և Իրանի միջև գտնվող երկրի հավաքականի ֆուտբոլիստները իրենց երկրպագուներին մերթ սենսացիոն անակնկալներ են մատուցում (հունիսին արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթելով Դանիային ), մերթ պարտվում Ալբանիայի (0:2) և Մալթայի (0:1) կարգի թիմերին:
— Մենք երբեմն այդպես ենք խաղում, երբեմն էլ՝ այլ կերպ,- խորը շունչ քաշելով պատասխանում է 24-ամյա Հենրիխ Մխիթարյանը, ով իր երկրի գլխավոր հերոսներից է: Մինչ Դորտմունդի հետ մինչ 2017թ. պայմանագիր կնքելը Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում», որի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Դորտմունդ տեղափոխվելուց հետո «Բորուսիայի» երկրպագուների բանակը միանգամից մեծացավ, դրա վառ վկայությունը «Բուրսասպորի» դեմ ընկերական խաղի ուղիղ հեռարձակման վիճակագրությունն է: Գերմանական ակումբի օնլայն խանութը իր ապրանքանիշը այլ երկրներ ուղարկվող ցանկին ավելացրեց նաև Հայաստանին:
— Հենրի՛խ, երեք միլիոն հայերից ներկա պահին քանի՞սն են երկրպագում Դորտմունդի «Բորուսսիային»:
— (ժպտում է) Կարծում եմ, նրանք երեք միլիոնից շատ են: Աշխարհի տարբեր ծագերում մոտ 8մլն հայ է բնակվում:
— Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաղթել է Շախմատային Օլիմպիադայում, Ձեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող քանակով ամենամեծ թվով գրոսմայստերներն ունի: Դրա համա՞ր է անգլիական BBC հեռուստաալիքը իր ռեպորտաժներից մեկում հայերին անվանել է աշխարհի ամենախելացի ազգը:
— Մեր երկրում իրոք շատ ինտելեգենտ մարդիկ կան: Այո, մենք հիանալի շախմատիստ ունենք՝ Լևոն Արոնյանը, ում հետ այս գարնանն եմ ծանոթացել: Նա արագ շախմատի և բլիցի աշխարհի չեմպիոն է:
Մխիթարյանը մեզ հարցազրույց տվեց ֆրանսերենով, նա տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն:
Նա սիրում է ճաշել Դորտմունդի Fénix ռեստորանում և արդեն կարողանում է գերմաներենով որոշ մտքեր փոխանակել: Հենրիխը շատ արագ է յուրացնում գերմաներենը:
— Կարողանու՞մ ես շախմատ խաղալ:
— Այո, մի փոքր:
— Դուք հանրահայտ հայ գրոսմայստերներ ունեք Տիգրան Պետրոսյան, Գարրի Կասպարով: Իսկ որևիցէ մեկի հետ փորձե՞լ եք շախմատ խաղալ:
— Ոչ, բայց մի գեղեցիկ օր ես կխաղամ Լևոն Արոնյանի հետ: Հուսով եմ:
— Դուք սովորում եք տնտեսագիտության բաժնում, թատրոն եք հաճախում, իսկ ավելի պարզ հոբբիներ չունե՞ք:
— Խաղում եմ Playstation, որը ինձ երբեմն նյարդայնացնում է: Դա ինձ շատ է մոտիվացնում: Ավելի լավ կլինի, եթե այլ բանով զբաղվեմ:
— Իսկ Ձեր կարգավիճակի մասին ի՞նչ եք մտածում, միայն կենտրոնացել եք ֆուտբոլի վրա, «Մերսեդես» չեք վարում, Ձեզ աստղ չե՞ք համարում:
— Ես ինձ աստղ չեմ զգում: Այդպես ինձ դուր է գալիս ապրել՝ թեթև ապրել: Խաղադաշտում ես ցանկանում եմ աստղ լինել: Ես ուղղակի նորմալ մարդ եմ: Դա չի նշանակում, որ ինչ-որ պահի, ես չափերով ավելի մեծ մեքենա չեմ գնի:
— Ձեր նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դեմ էր Ձեր Դորտմունդ տեղափությանը, նա ասել էր, որ եթե Դուք ընտրեք Բարսելոնան, Մադրիդը կամ Մանչեսթերը, ապա խնդիր չկա, բայց միայն ոչ Դորտմունդ: Նա կարծում է, որ Դուք Դոնեցկի համեմատ դեպի առաջ քայլ չեք կատարում: Ի՞նչ կասեք:
— Լուչեսկուն մեծ մարզիչ է: Նա ողջ սրտով չէր ցանկանում, որ ես հեռանայի «Շախտյորից»: Նա շատ տխրեց, երբ ես հեռացա: Ըստ իս, «Բորուսիա» տեղափոխությունը մի քայլ առաջ է, և ես խաղում եմ Ուկրաինայի առաջնությունից շատ ավելի ուժեղ մրցաշարում:
— Դուք կարող էիք տեղափոխվել Անգլիա՝ «Լիվերպուլ» կամ «Տոտենհեմ» կամ Իտալիա՝ Թուրինի «Յուվենtուս»: Այս պահին Բունդեսլիգան Եվրոպայում ի՞նչ վարկանիշ ունի:
— Այն փաստը, որ նախորդ Չեմպիոնների լիգայում «Բորուսիան» ու «Բավարիան» խաղացել են եզրափակչում, դա խոսում է գերմանական ֆուտբոլի որակի մասին: Ես քաջածանոթ եմ Բունդեսլիգայի և Դորտմունդի մասին և այդպիսի որոշում կայացրեցի: Չնայած շատերը դեռ կարծում են, որ Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է:
— Ձեր տեղափոխությունը սեփականատերերի հետ կապված խնդրի պատճառով շատ բարդ ստացվեց: Չէի՞ք անհանգստանում, որ այդ գործարքը չի ստացվի:
— Ամեն դեպքում կասկածներ կային: Ես ոչինչ չգիտեի, թե մոտակա երկու ժամում կամ վաղը ինչ կկատարվի: Երբ ես տեղեկացա, որ փոխում եմ աշխատանքիս վայրը, Եվրոպայի ամենաերջանիկ մարդն էի:
— Արդյոք Դորտմունդ տեղափոխությունը Ձեզ համար յուրօրինակ ազատագրու՞մ էր:
— Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի պայմանները սահմանափակ են, ես չէի առաջադիմում:
— Դոնեցկը ուկրաինական ֆուտբոլի առաջատարն է, որի կազմում Դուք վերջին մրցաշրջանում դարձել եք 25 գոլի հեղինակ, պատրաստվու՞մ եք նույնը կրնկել նաև Եվրոպայում:
— Գերմանիայում դա շատ ավելի բարդ կլինի: Ես չեմ խոստանում: Սա իմ առաջին մրցաշրջանն է: Կաշխատեմ թիմին օգտակար լինել:
— Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Չեմպիոնների լիգայի 8 խաղում դարձել եք ընդամենը երկու գոլի հեղինակ:
— Դա կապված է մրցակիցների ավելի բարձր կարգի հետ, բացի այդ Լուչեսկուն ինձ հրահանգել էր ավելի շատ օգնել պաշտպանությանը, քան Ուկրաինայի առաջնությունում է: Ես առջևի գծում ավելի քիչ էի գործում:
— Youtube-ում տեղադրված 2012-13 մրցաշրջանի Ձեր լավագույն դրվագներից երևում է, որ հաճախ եք հայտնվում կենտրոնական հարձակվողի գոտում, այդտեղ ավելի լա՞վ եք զգում:
— Այդ հարցը ինձ շատ են ուղղել, որ իմ գոլերից 10-ը խփել եմ այդ գոտուց: Մարզիչն է որոշում, թե կոնկրետ խաղում ինչ դիրքում գործեմ: Երբեմն օգնում եմ պաշտպանությանը, երբեմն խաղում եմ միջին գծում, կարելի է ասել ամենուր եմ: Եթե անկեղծ լինենք, ես սիրում եմ գոլեր խփել:
— Իսկ Դուք կարո՞ղ եք շարունակապես օգտակար լինել Դորտմունդին: Եթե կայանա Լևանդովսկու տրանսֆերը, մեկը գնում է, մեկ ուրիշը գալիս է:
— Ռոյսը և Բլաշիկովսկին դեռ խաղակցված չեն Հոֆֆմանի և Օբամեյանգի հետ: Երբ մեկը մի քայլ է անում, պետք է իմանաս, թե հաջորդը որը կլինի: Բայց այդպիսի ֆուտբոլիստների հետ խաղալը հեշտ է:
— Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում (1-0) երևաց, որ թիմի խաղակցվածության մակարդակը կաղում է: Հատկապես ի՞նչն էր խնդիրը:
— Մենք լավ նախապատրաստական շրջան ենք անցել և փորձել ենք բարձրացնել միմյանց հասկանալու և փոխըմբռնման մակարդակը: Այդ ամենը ժամանակի հարց է, մինչ կկարողանանք մեր խաղը ավտոմատիզմի հասցնել: Իսկ երբ մրցակիցը խաղում է խոր պաշտպանությունից, մենք ստիպված ենք լինում գործել սահմանափակ տարածությունների վրա:
— Բայց դա պետք էր անել 4 շաբաթյա ընդմիջման ժամանակ: Մրցաշրջանի ընթացքում կուղղե՞ք այդ բացը:
— Ես, չնայած ստացած վնասվածքին, շատ եմ աշխատել, այս պահին բացեր չկան:
— Ասում են, որ Դորտմունդը խաղաղ քաղաք է մինչ մարզադաշտում ֆուտբոլի մեկնարկը: Դրանից հետո բոլորը խենթանում են: Ի՞նչ կասես:
— Կարծում եմ, որ դա շատ դրական ու խենթ բան է: Ես միշտ ցանկացել եմ խաղալ Արևմտյան Եվրոպայում: Ես գիտեմ, որ տեղի երկրպագուներն ինչքան կրքոտ ու զգացմունքային են, այդպես է նաև Ուկրաինայում: Ես սիրում եմ Դորտմունդում տիրող ֆուտբոլային մթնոլորտը, ու ոչ միայն դա:
— Դուք արդեն Գրոսկրոյցի հետ հասցրել եք երգել BVB-Integrations — be auftragten-ը: Մի՞թե նա դրան այդքան մեծ նշանակություն է տալիս: Իսկ մտադի՞ր է հաղթել ձեր մշտական մրցակից «Շալկե-04»-ին:
— Այո, իհարկե: Քևինը նաև խոսել է Բայերի մասին, նա իմ հարևանն է: Նա նաև ասել է, որ եթե մտածեինք միայն «Շալկեին» հաղթելու մասին, ապա Չեմպիոնների լիգայում կպարտվեինք մյուսներին: Դա լավ չէր լինի:
— Դոնեցկում հանդես եկած Վիլլիանը, Ֆեռնանդինյոն, Ալեքս Տեյշեյրան կամ Թայսոնն ինչպիսի՞ ֆուտբոլիստներ են: Դորտմունդում հանդես եկող ֆուտբոլիստներն ավելի լա՞վն են:
— Գնդակը բոլորի համար էլ նույնն է: Ես մեծ տարբերություն չեմ տեսնում: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ շատ ուժեղ են:
— Որպես տիտղոսակիր ֆուտբոլիստ, ով Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններում 7 տիտղոս է նվաճել, շուտ չէ՞ միանգամից 8-րդը Գերմանիայում նվաճեք:
— (ժպտում է) Մենք մտադիր ենք 4 շաբաթ անց «Բավարիայի» դեմ խաղում նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
— Ո՞րն է Ձեր նպատակն այս մրցաշրջանում:
— Այսպիսի օլիմպիական կարգախոս կա. «Այստեղ լինելը, արդեն ամեն ինչ է»: Դա վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային» և Բունդեսլիգային: Բայց դա ինձ համար քիչ է: Ես խաղադաշտ եմ դուրս գալիս, որպեսզի տիտղոսներ նվաճեմ: Դրա համար դու 90 րոպե ժամանակ ունես:
Թարգմանությունը՝ ArmFootball.com-ի
‘