‘Հենրիկ Նավասարդյանը չի ուզում հրաժարվել պաշտոնից. «Ես ոչ մեկին չեմ հայհոյել»’

1071

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարության պետ Հենրիկ Նավասարդյանն իրեն ոչ մի բանում մեղավոր չի համարում եւ չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: News.am-ի հետ զրույցում Նավասարդյանը հայտարարել է, թե «որեւէ մեկին չի հայհոյել ու իրեն մեղավոր չի համարում»:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին iLur.am-ի լրագրողը փորձել էր հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել եւ սկսել է հայհոյել լրագրողին: 

Դրանից հետո Նավասարդյանը հայտարարել էր, թե ինքը ոչ թե հայհոյել էր, այլ իբր ցանկացել էր ասել «գնա, ես քու ներվերը չունեմ», քանի որ, իբր, լրագրողն իրեն հետապնդել է անպարկեշտ արտահայտություններով: Այնինչ, դրանից հետո հրապարակված ամբողջական տեսանյութում երեւում էր, որ լրագրողն ընդամենը «կներեք» ասելով՝ փորձել է հարց տալ Նավասարդյանին: Տեսանյութում հստակ լսվում է նաեւ, որ պաշտոնյան հայհոյում է: 

Այնուամենայնիվ, դրանից մեկ օր անց «նեղն ընկած» պաշտոնյան ներողություն խնդրեց լրագրողից: «Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակը չէր որեւէ մեկին վիրավորելը, ես  չէի կարող իմանալ, որ նա լրագրող է»,- ասաց Նավասարդյանը: Նկատենք, որ վարչության պետը զղջում է ոչ թե նրա համաար, որ հայհոյել է, այլ որ «չի իմացել», որ դիմացինը լրագրող է:

Այսօր արդեն, երբ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիները պահանջում են նրա հրաժարականը, տրանսպորտի վարչության պետը գտնում է, որ ոչնչում մեղավոր չէ, ու չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

«Եթե կա որեւիցե տեղ, որ ես հայհոյել եմ, հրաժարական կտամ: Բայց ես ոչ մի տեղ իմ մեղավորությունը չեմ տեսնում եւ ոչինչ չունեմ ասելու»,- News.am-ի հետ զրույցում ասել է Հենրիկ Նավասարդյանը:

Նշենք, սակայն, որ Նավասարդյանից հրաժարական պահանջողները, որպես փաստարկ՝ ներկայացնում են ոչ միայն լրագրողին վիրավորելու փաստը, այլեւ այն, որ, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը՝ տրանսպորտի վարչության պետը պաշտպանում է ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների շահերը, որոնցից մեկի հիմնադիրն իր որդին է, բաժնետերը՝ եղբոր ընտանիքը:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջապահության նախարարության թողտվությամբ հիվանդանոցներում հավելյալ գումար են գանձում’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են (փաստաթղթեր)’