‘
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:
Կայքի տվյալներով, գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո ուղևոր Դ. Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է: Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նա և ուղևորը ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին է:
Նույն դեպքի կապակցությամբ ակտիվիստները ֆեյսբուքում գրել են.
Քիչ առաջ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, մի քանի անգամ մեքենայով մոտեցավ քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին և հայտարարելով, որ իրեն լավ ենք ճանաչում, սեռական բնույթի հայհոյանքներ տվեց նստացույցի մասնակիցներին, թքեց մեքենաներից մեկի վրա։ Այս ամբողջ ընթացքում ոստիկանները մատնված էին անգործության և միայն նրանց հինգերորդ «այցի» ժամանակ (առաջինից մինչև հինգերորդ այցելությունը տևեց ավելի քան կես ժամ), տեղի տալով մեր ճնշումներին և ոստիկանություն կատարած զանգին, ոստիկանները հետապնդեցին նրանց։ Քիչ առաջ ոստիկանները հայտնեցին, որ նրան բերել են ոստիկանություն և խնդրեցին, որ նստացույցի մասնակիցներից մի քանիսը գնան ոստիկանություն և հայտարարություն տան։ Այս պահին Վահագն Մինասյանը, Կարեն Հարությունյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը գտնվում են կենտրոն ոստիկանությունում՝ հայտարարություն տալու նպատակով։
Խմբագրության կողմից.
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի մոտ նստացույցի պահանջներից մեկը Հենրիկ Նավասարդյանի հրաժարականն է: Նավասարդյանը վերջերս հայտարարել է, որ իր որդիները չեն միջամտում իր գործերին: Մինչդեռ «վճարում ենք 100 դրամ» ակցիայի ժամանակ Նավասարդյանի որդին նույնպես աչքի էր ընկել իր «թասիբով», երբ սպառնալիքներ էր հնչեցնում ակտիվիստների նկատմամբ: Այս պահը տեսանկարահանել էր մեր կայքի ֆոտոթղթակիցը:
‘