Հենրիկ Պիպոյանը Ֆեյսբուքում գրել է.
«Կարևոր չի, թե ում են դատում։ Կարևոր ա, թե ով ա դատում։ Ու դու դա շատ լավ հասկանում ես։
Իհարկե՝ սփոփիչ ա մտածել, որ նա հանցագործ էր, հետին նպատակներ ուներ, օտարերկրյա լրտես էր… Բոլոր բամբասանքներից դու ընտրում ես էն մեկը, որն ամենաքնաբերն ա խղճիդ համար։ Բոլոր փաստերից ընտրում ես էն փաստը, որն արդարացնում ա քո տեսակետը։ Ընդհանրապես՝ հեշտ ա հավատալ նրան, ինչին հավատալը հեշտ ա։ Ուղեղը պաշտպանվել գիտի։
Ասենք թե հանցագործ էր։ Բայց դա ի՜նչ կապ ունի, չէ՞ որ դո՛ւ չես դատում։
Դու գիտես, շատ լավ հասկանում ես, թե ինչ ա կատարվում։ Դա կոչվում ա պարտություն, որը ոչ թե եռավանկ բառ ա, այլ քո մեջքին դրված երիցս անիծյալ լուծ, որ պիտի տարիներով կրես։
Քեզ ամեն առիթով կհիշեցնեն պարտության մասին։ Սուր դանակով քչփորելու են քո վերքը։ Փորձելու են բորբոքել քո ատելությունը, որն անզորությունից վատնելու ես քո շրջապատի վրա։ Ամեն ինչ անելու են, որ դու վերջնականապես ընկճվես ու բարոյալքվես։
Ամբողջ գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատում դրա վրա՝ բազմազգ ու բազմահպատակ։ Զենքի էդ տեսակն ամենաարդյունավետն ա։ Ուրեմն՝ մի՞թե պայմանական զենքերի վրա միլիարդներ ծախսողն էդ ահավոր զենքը կանտեսի։ Դու ամեն քայլափոխի ենթարկվում ես դրա ազդեցությանը։
Բայց դու մի բան պիտի իմանաս՝ եթե ուզում են քեզ ծնկի բերել, ուրեմն՝ դու դեռ ծնկի չես իջել, եթե ուզում են քեզ ընկճել, ուրեմն՝ դու դեռ լրիվ ընկճված չես, ուրեմն՝ վախենում են քեզնից, դու դեռ ուժ ունես, որը նրանք տեսնում են, իսկ դու՝ շփոթմունքի մեջ, չես նկատում։
Իսկ միգուցե քո հերթական հրապարակային նվաստացումը հենց էդ քո կորուսյալ ուժը գտնելու բանալի՞ն ա։ Միգուցե դա՞ պիտի քեզ միավորի, սովորեցնի կարևորը զատել անկարևորից։
Եթե դու Հայաստանի շարքային քաղաքացի ես ու համարում ես, որ ոչինչ չես կարող անել, ոչինչ մի՛ արա։ Բայց քո հոգեկան հանգստության համար, քո խիղճը քնեցնելու համար՝ մի՛ բամբասի, մի՛ չարախոսի, մի՛ կտրի ազգի առանց էն էլ հյուծված մկանները։ Դու դատավոր չես։
Բայց անելիք կա, միշտ էլ անելիք կա՝ թեկուզ փոքր, աննշան, բայց դու միշտ էլ անելիք ունես։ Կարևորը՝ որ նպատակդ ճիշտ ընտրես ու չտրվես քո անձնական զգացմունքներին, չփորձես փրկել քե տեսակետը։ Սարեր շուռ չես տա, բայց քո մի ավազահատիկը կնետես էն ճանապարհին, որով ազգը մի օր դուրս ա գալու պարտություն կոչվող նեղ հրվանդանից։ Ճիշտ ա՝ հնարավոր ա նաև, որ ոչ մի բան էլ չստացվի, բայց դու իրավունք կունենաս ասելու՝ ես գոնե փորձեցի, ինչպես հայտնի ֆիլմի հերոսը, որ փորձում էր լվացարանով ջարդել լուսամուտի ճաղերն ու դուրս գալ ազատություն։
Իսկ մինչ էդ…
Տասնյոթերորդ դարում Անգլիայում մի քահանա էր ապրում Ջոն Դոն անունով՝ պոետ, փիլիսոփա, գիտնական, նախկին զինվոր Ջոն Դոնը։ Նա երևի հիմա կասեր.
․․․դրա համար՝ երբ հարևան երկրում հայ են դատում, մի՛ հարցրու, թե ում են դատում, քե՛զ են դատում…