Հեռուստաբանավեճ ընտրություններից առաջ

603

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և այդ պաշտոնին հավակնող՝ «Ազգային միավորում» աջ-պոպուլիստական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ հեռուստաբանավեճ են անցկացրել, որի հիմնական թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի և նրա՝ Ուկրաինա ներխուժելու նկատմամբ երկու քաղաքական գործիչների վերաբերմունքը։

Երկու թեկնածուներն էլ Կրեմլի հետ փոխհարաբերությունների բավական երկար պատմություն ունեն։

Ռուսաստանյան ներխուժումից մի քանի օր առաջ Մակրոնը արևմտյան այն քիչ քաղաքական գործիչներից էր, որ այցելել էր Մոսկվա։ Նա բազմաթիվ ժամեր հեռախոսային բանակցություններ է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ։ Իսկ Լը Պենը երկար ժամանակ համարվում էր Պուտինի եվրոպական գլխավոր դաշնակիցներից մեկը։ 2017 թ․ ընտրություններից առաջ նա ասել էր, թե չի հավատում, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան անօրինական է, իսկ 2016 թ․ հայտարարել էր, թե Պուտինի կառավարումը բանական հովանավորչություն է, և նա «պաշտպանում է իր երկրի շահերը, նրա ինքնությունը»։

Այս բանավեճի ընթացքում Մակրոնը քննադատել է Լը Պենի այդ դիրքորոշումը և հիշեցրել 9 մլն եվրոյի վարկի մասին, որը նրա կուսակցությունն ստացել էր 2014 թ․ «Առաջին չեխ-ռուսաստանյան բանկում», որը, Մակրոնի խոսքով՝ մոտ է կանգնած Ռուսաստանի իշխանություններին։ «Դուք կախում ունեք ռուսաստանյան իշխանություններից և Պուտինից,- ասել է Մակրոնը։- Երբ դուք խոսում եք Ռուսաստանի հետ, դուք խոսում եք ձեր բանկիրի հետ»։

Հեռուստաբանավեճերն ավանդաբար կարևոր ցուցիչ են համարվում ֆրանսիական նախագահական ընտրություններում։ Հարցումների համաձայն՝ երկրորդ փուլից առաջ Մակրոնի դիրքերը բավական ամրացել են, և նա, տարբեր հաշվարկներով, կարող է հաղթել՝ ստանալով ձայների 53-ից մինչև 57 տոկոսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԾանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում
Հաջորդ հոդվածըՀուշարձանների պղծման 16 դեպք