‘Հեռուստամարաթոն -2012 տեսահոլովակն արժեցել է շուրջ 17.000 ԱՄՆ դոլար’

748

Հեռուստամարաթոն 2012-ի տեսահոլովակը նկարահանել է «Շարմ հոլդինգ»  ընկերությունը, և հոլովակի դիմաց վճարվել է շուրջ 17 000 ԱՄՆ դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամ» երկարամյա գործընկեր «Շարմ հոլդինգն» այս տարի որպես նվեր ևս մեկ հոլովակ է պատրաստել: Հեռուստամարաթոնի հետ կապված բոլոր ծախսերը Հիմնադրամը հոգում է հովանավորչական գումարներով: Այդ մասին iLur.am-ին հայտնեցին հիմնադրամի մամալո ծառայությունից:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ  արդեն երկրորդ տարին է՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում մոսկովյան ճաշկերույթին,  մամլո ծառայությունից պատճառաբանեցին.

«Սերժ Սարգսյանը 2008-ին առաջին անգամ նախաձեռնեց մոսկովյան դրամահավաք-ճաշկերույթ և  երկու տարի շարունակ գլխավորեց այն: Քանի որ ճաշկերույթն արդեն ավանդական դարձած միջոցառում է, հետագա տարիներին Սարգսյանի մասնակցությունը դրամահավաքին պայմանավորված է նրա աշխատանքային գրաֆիկով»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում մոսկովյան ճաշկերույթին այս տարվա մասնակից-նվիրատուների անունները, և ինչու է որոշվել սպասել մինչև թելեթոնի մեկնարկը ու նոր միայն հայտնել անունները՝ հիմնադրամի մամլո ծառայությունից պատասխանեցին.

«Հեռուստամարաթոնի շրջանակներում նվիրաբերված գումարներն ու նվիրատուների անունները, որպես կանոն, հրապարակվում են Հեռուստամարաթոնի օրը:  Այս կերպ մենք հնարավորություն ենք ստանում հանրությանը ներկայացնել նվիրատվությունների ամբողջական պատկերը` ճշտված մանրամասներով»:

Իսկ խոսելով կազմակերպական աշխատանքների մասին՝ ասացին, որ Հեռուստամարաթոնի նախաշեմին անցյալ տարիների նման իրականացվում են բոլոր նախապատրաստական աշխատանքները,  որոնցից են՝ քարոզչական նյութերի պատրաստումը,  Հիմնադրամի գրասենյակների միջև համակարգման աշխատանքների իրականացումը,  դրամահավաք միջոցառումների կիրառումը, ինչպես օրինակ` նվիրատվություններ Հայփոստով եւ SMS հաղորդագրություններով: 

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Հայաստանի քաղաքացիները գործող կառավարության ղեկավարի համար պոտենցիալ հեղափոխականներ են’
Հաջորդ հոդվածը‘Պետական դավաճանության համար դատապարտված Աշոտ Չտրկյանը դադարեցրել է հացադուլը’