‘Հեռու տար ինքնաձիգդ…դու մեռնելու իրավունք չունես….(Նամակ զինվորին, որ ինքնաձիգը մոտեցրել է քունքին)’

2921

էդ ինքնաձիգդ, որ մոտեցրել ես քունքիդ, հեռու տար…էդ ինքնաձիգիդ թիրախը այնտեղ է` սահմանից այն կողմ….հեռու տար, դու մեռնելու իրավունք չունես….դու իմ պահապանն ես` այդտեղ, սահմանին կանգնած…դու ուժեղ ես, եւ ես կամ, ուժեղ եմ, որովհետեւ գիտեմ, որ դու այդտեղ ես` ուժեղ ու չկոտրված….թույլ մի տուր, որ կամքդ նահանջի, որովհետեւ ես չեմ ուզում կորցնել քեզ…որովհետեւ դու չգիտես, բայց եթե դու դա անես, ես ամբողջ գիշեր կարտասվեմ քեզ համար…ու հետո ի՞նչ, որ ես քեզ չեմ ճանաչում….քո կորստի վիշտը իմ խղճին էլ կծանրանա….ու ես ավելի պակաս ինքնավստահ ու պաշտպանված կզգամ ինձ, եթե դու չլինես…..

…ես քեզ չեմ ճանաչում, դու չգիտես, որ ես ամեն գիշեր աղոթում եմ, որ դու լինես…որովհետեւ այդ ժամանակ կլինեմ նաեւ ես….էդ ինքնաձիգդ հեռու տար…..հեռու տար իմ քունքից, որովհետեւ եթե դու կրակես քեզ, դու կկրակես նաեւ ինձ…եթե դու սպանես քեզ, դու նաեւ ինձ կսպանես….

….մի ծանրացրու առանց այդ էլ ծանրացած խիղճս…ես դեռ դուրս չեմ եկել էն հարյուրավոր զինվորների մահվան պատասխանատվության տակից, որոնք այդ քայլին գնացել են նաեւ իմ լռության պատճառով, իմ անտարբերության պատճառով….եթե մի դեպքից հետո չլռեի, եթե ես անձրեւին ու ձյանը կանգնած լինեի այդ սեւավոր մայրերի կողքին, ովքեր իրենց որդիների լուսանկարները ձեռքին Կառավարության շենքի մոտից տուն չեն գնում…գուցե մեկն էլ կփրկվեր…բայց ես զբաղված էի…կարեւոր գործերով….ու մինչ ես զբաղված էի….մինչ խիղճս ինձ չէր գանահարում….եւս մեկին բերեցին…..

…խնդրում եմ, հետ տար ինքնաձիգդ……..դու պետք ես մեզ բոլորիս……..դու մեր երկրի մի մասնիկն ես, դու մեկն ես մեզանից….ու քո տեղը մենք չենք կարողանալու լրացնել…

…մեր զավակները տարիներ հետո գուցե նույն դպրոցում պետք է սովորեն…կամ նույն խրամատում պաշտպանեն հայրենի հողը….մի զրկիր որդուդ լույս աշխարհ գալու իրավունքից….խնդրում եմ, հետ տար ինքնաձիգդ…….

…եթե դու գնաս, ես այդ կորստին ինչպե՞ս պիտի դիմանամ….հետո ինչ, որ ես քեզ չեմ ճանաչում….բայց ես հո կգիտակցեմ, որ ես էլ եմ մեղավոր……խնդրում եմ, մի ավելացրու խղճիս մեղքերը…….ես դեռ երկար պետք է ապաշխարեմ այն կորսված կյանքերի համար, որոնց համար չեմ պայքարել…փողոց դուրս չեմ եկել….չեմ աղաղակել…լռել եմ………ինձ հնարավորություն տուր գոնե այս անգամ ինձ մեղավոր չզգամ….հետ տար ինքնաձիգդ………դու ուժեղ ես, ամենաուժեղը……քո կամքը չեն կարող կոտրել…որովհետեւ մենք բոլորս աղոթում ենք քեզ համար…..

…հիմա էլ, հենց հիմա էլ, ես կգնամ ու կաղոթեմ քեզ համար….միայն թե ապրիր…հանուն ինձ, հանուն քեզ, հանուն բոլորի…հանուն քո զավակների…..որ լույս աշխարհ կգան, եթե դու այս պահին ուժեղ լինես…….

խնդրում եմ, մի կողմ տար ինքնաձիգդ…….դու մեռնելու իրավունք չունես….

հիշիր` փրկիր մեկ կյանք, եւ դու կփրկես աշխարհը……..եթե դու հիմա չսեղմես ինքնաձիգը….դու նաեւ մեզ կփրկես….

…խնդրում եմ, հեռու տար ինքնաձիգդ…զինվոր….

Քրիստինե  Խանումյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/notes/kristine-khanumian

Նախորդ հոդվածը‘Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` փակ’
Հաջորդ հոդվածը‘«Բանակն իրականում» նախաձեռնությունը զոհված զինծառայողների անունից խորհրդանշական բացիկներ է ուղարկել պաշտոնյաներին (տեսանյութ)’