‘
Եվրամիությունը խստորեն դատապարտում է շաբաթ օրվա վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը: Այդ մասին ասվում է երեկ ԵՄ հանձնակատարներ Շտեֆան Ֆյուլեի եւ Քեթրին էշթոնի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նշել են, որ ցուցարարները վերջին օրերին հաստատակամ ու աննախադեպ կերպով սատարում էին Ուկրաինայի՝ Եվրոպայի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման գաղափարը: «Ակցիան ողջունեցին նաեւ Վիլնյուսում գտնվող Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները: Ուժի չարդարացված կիրառումը հակոտնյա է այն սկզբունքներին, որոնց կողմնակից էին Վիլնյուսի համաժողովի մասնակիցներն, այդ թվում նաև Յանուկովիչն ինքը: Կոչ ենք անում Ուկրաինային, որ հավատարիմ մնա խոսքի ու հավաքների ազատության բնագավառում միջազգային պարտավորություններին, նամանավանդ որ դեկտեմբերի 5-6-ը Կիևը հյուընկալելու է Նախարարական համաժողովը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր: Կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին հետաքննել ու հայտնաբերել բոլոր պատասխանատուներին»,- ասված է հայտարարության մեջ:
‘