‘«ՀետՆեդվեդյան» Չեխիա. Ներկայացնում ենք մեր մրցակցին’

1058

«ՀետՆեդվեդյան». հենց այսպես կարելի է անվանել այն ժամանակահատվածը, որում այժմ գտնվում է Չեխիայի ազգային հավաքականը:

Որպեսզի պարզ լինի թե ինչու «հետՆեդվեդյան», մենք պետք է տեղափոխվենք 2004 թվականի հունիսի 31: Այդ օրը Պորտուգալիայում անցկացվող Եվրո-2004-ի կիսաեզրափակչում Կարել Բրյուկների սաները, որոնք մրցաշարի ընթացքում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ 0-2-ից կարողացել էին շրջել հոլանդացիների դեմ խաղը և երկրորդ կազմով հաղթել գերմանացիներին, սկսել էին համարվել հաղթողի գլխավոր ֆավորիտ, անակնկալ կերպով պարտվեցին հույներին: Գլխավոր պատճառներից մեկը կամ գուցե միակ խելամիտ պատճառը հենց չեխական ֆուտբոլի լեգենդ Պավել Նեդվեդի՝ խաղի ընթացքում ստացած վնասվածքն էր: Առանց իրենց առաջատարի մնացած Ռոսիցկին, Բարոշը և մնացածը, հիմնական ժամանակում այդպես էլ չկարողանալով գրավել Օտտո Ռեհագլի գերպաշտպանական թիմի դարպասը, և գնդակ ընդունելով խաղի լրացուցիչ ժամանակում՝ դուրս մնացին մրցաշարից:

Չեխերը նման մի ժամանակահատված ապրել էին նաև Եվրո-1996-ից հետո, երբ եզրափակիչում նրանց «ոսկե սերնդի» ձեռքերից Գերմանիայի հավաքականի հարձակվող Օլիվեր Բիրհոֆը 2 գոլերով փախցրեց Եվրոյի գավաթը:

Հետագայում Նեդվեդը մասնակցեց ևս մեկ մրցաշարի`ԱԱ-2006-ին, որտեղ չեխերը մրցաշարին ներկայացան՝ այդ պահին գրավելով երկրորդ տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Սակայն նրանց չհաջողվեց հաղթահարել խմբային արգելքը և գրավելով խմբում 3-րդ տեղը չեխերը ուղևորվեցին տուն: Ձախողած մրցաշարից հետո Նեդվեդը որոշեց հրաժեշտ տալ հավաքականին, որպեսզի կարողանա օգնել «Սերիա-Բ-ում» հայտնված «Յուվենտուսին»: Պարզ է, որ Նեդվեդին շատերը մեղադրեցին հավաքականի հանդեպ բավարար սեր չունենալու մեջ, ինչը շարունակում են անել մինչ օրս, քանի որ համարում են, որ Յուվեի լեգենդը եթե ոչ մարզչի, ապա այլ` թեկուզ վարչական աշխատանքով կարող է օգտակար լինել իր երկրի ազգային թիմին:

Մեկ տարում՝ երեք մարզիչ, և Բիլեկի ստեղծած նոր հավաքականը

2008-ին` հաջորդ խոշոր մրցաշարում անհաջողությունից հետո, հրաժարական տվեց 2001-ից հավաքականը գլխավորող Կարել Բրյուկները: Նրանից հետո հավաքականը մեկ ընտրական մրցաշարի ընթացքում գլխավորեցին երեք մարզիչներ`Պետր Ռադան, Ֆրանտիշեկ Շտրական և Իվան Հաշեկը, ովքեր այդպես էլ չկարողացան շտկել իրավիճակը՝ ընտրական մրցաշարի խայտառակ մեկնարկից հետո:

Ընտրական փուլի ավարտից ընդամենը մեկ շաբաթ անց Չեխիայի ֆուտբոլային ասոցացիան հայտնեց նոր մարզչի անունը՝ 2008-ին երկրի չեմպիոնական տիտղոսը նվաճած Պրահայի «Սպարտայի» նախկին մարզիչ Միշել Բիլեկ:

Ինչքան էլ որ Բիլեկի հանդեպ չեխեկան մամուլը և ֆուտբոլասերները անվստահություն դրսևորեցին նշանակումից անմիջապես հետո, պետք է նշել, որ Բիլեկը այն պահին հայտնվեց թիմում, երբ այն արդեն վաղուց սերնդափոխության կարիք էր զգում: Բիլեկը թիմի կազմում պահպանելով նախկին գվարդիայի ներկայացուցիչներ Չեխ, Ռոսիցկի, Պլաշիլ եռյակին՝ սկսեց հավաքականի կազմ ներգրավել հետագայում ՉԼ որակավորված` Պլզենի «Վիկտորիայի» խաղացողներ  Դանիել Կոլարժին, Դավիդ Լիմբերսկուն, Վացլավ Պիլարժին, այդ թիմի առաջատար Պետր Յիրանեկին: Նաև հավաքականի կազմ ընդգրկեց ծնունդով եթովպիացի Տեոդոր Գեբրե Սելասիին: Շարունակում էր խնդրահարույց համարվել կենտրոնական հարձակվողի դիրքը, և ցավալի էր, որ հավաքականի կազմը թարմացնող «Վիկտորիայում» այդ դիրքում խաղում էր ազգությամբ սլովակ Մարեկ Բակոշը: Այդ պարագայում մարզիչը հարձակման կենտրոնում ստիպված էր օգտվել արդեն վաղուց թոփ հարձակվող չհամարվող Միլան Բարոշից:

Ինչևէ, «Վիկտորիայի» օգնությամբ հավաքականի կազմում նոր արյուն ներարկած Բիլեկի թիմին հաջողվեց հաղթահարել համեմատաբար ոչ բարդ ընտրական խումբը, որտեղ նրանք իրենցից առաջ թողնեցին աշխարհի չեմպիոններ իսպանացիներին, կարողացան գրավել երկրորդ տեղը և անցումային խաղերում հաղթելով Մոնտենեգրոյի թիմին՝ որակավորվեցին Եվրո-2012:

Եվրոյում նրանց բախտ վիճակվեց հայտնվել մրցաշարի ամենաթույլ խմբում, որտեղ առաջին խաղում ռուսներին 1-4 հաշվով զիջելուց հետո, միևնույն է, կարողացան դուրս գալ փլեյ-օֆֆ: Այդ անելը չեխերին օգնեց խաղային բարձր կարգապահությունն ու Բիլեկի ընտրած երկրորդ համարով գործող «4-2-3-1» խաղային սխեման, որտեղ գլխավոր դերակատարությունը ունեին 2 հենակետայինները և եզրերով հակագրոհները:

Փլեյ-օֆֆում Բիլեկի սաների մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն էր, և կարելի է ասել, որ այդ հանդիպումը ամբողջովին արտացոլեց ներկայիս Չեխիայի հավաքականի ուժը: Բիլեկի խաղային պլանը շատ պարզ էր, նրանք ամբողջ հանդիպումը պետք է փակվեին սեփական կիսադաշտում և փորձեին խաղը տեղափոխել մինչև հետխաղյա 11 մետրանոցներ: Բայց 79-րդ րոպեին Ռոնալդուի գոլը ամեն ինչ փչացրեց, իսկ մնացած 11 րոպեների ընթացքում շատ պարզ երևաց, որ Բիլեկը «Պլան-Բ» չէր էլ մշակել: Միգուցե Եվրոպայի 8 ուժեղագույն հավաքականների թվում հայտնվելը բավականին մեծ նվաճում կարելի է համարել այս` իրականում միջակ խաղացողների համար, բայց պորտուգալացիների դեմ խաղը վառ ապացույցն էր այն բանի, որ նրանք ունակ չեն իրենց գլխներից բարձր ցատկել:

Մրցաշարի ավարտից հետո Բիլեկին թողեցին գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ նա լավագույնն է ճանաչում իր տղաներին, բայց ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարը նրա սաները սկսել են խայտառակ վատ` առաջին 4 խաղերից հետո վաստակելով ընդամենը 5 միավոր, հաղթելով միայն խմբի ակնհայտ ետնապահ Մալթայի հավաքականին:

..Սեփական հարկի տակ դանիացիներին 0-3 հաշվով զիջելուց հետո չեխերը հայտնվել են անդունդի եզրին և մեր դեմ խաղում միայն հաղթանակի են ձգտելու: Բայց թեկուզ հնարավոր հաղթանակը, թվում է, շատ քիչ բան կարող է փոխել ներկայիս չեխական իրականությունում: Չեխերին շատ շտապ հարկավոր են նոր Նեդվեդներ, Պոբորսկիներ կամ Շմիցերներ, այլապես նրանք հավակնում են բավականին մարտունակ թիմից վերածվել եվրոպական հերթական միջակ թիմի:

Դավիթ Քիրամիջյան

P.S. Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականները պաշտոնական խաղերում հանդիպել են երկու անգամ:

Թիմերն ընդգրկված են եղել 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Առաջին անգամ հանդիպումը կայացել է 2004 թվականին Երևանում: Այն ժամանակ չեխերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մեր դարպասը: Երկու գոլի հեղինակ էր դարձել Յան Քոլերը և մի գնդակ էլ իր հաշվին էր գրանցել Տոմաշ Ռոսիցկին:

Մեկ տարի անց` պատասխան հանդիպման ժամանակ, Չեխիայում մեր հավաքականը կրկին զիջել է, այս անգամ 1:4 հաշվով: Այն ժամանակ Հայաստանի դարպասը երկու անգամ գրավել է Յան Պոլակը և մեկական անգամ աչքի են ընկել Մարեկ Հայնցը և Միլան Բարոշը: Մեր հավաքականից գոլի հեղինակ էր դարձել Արա Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Չեխիա. թիմերը նահանջելու տեղ չունեն’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը չեղյալ հայտարարեց իշխանափոխության բոլոր ծրագրերը ‘