‘
«Հետքը» այս տարվա սկզբից սկսել էր հրապարակել հոդվածների շարք, որով ակնհայտ էր դառնում, որ օֆշորային ընկերությունների միջոցով փոշիացվել էին«Նաիրիտ գործարանի» համար վերցված180 մլն դոլարի վարկային միջոցները:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Դատախազությունը պարբերականի հրապարակումների վրա սկսել էր ուսումնասիրությունը, և նախապատրաստված նյութերն այնուհետև ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն): Ամիսների շարունակ գործը ձգձգելուց հետո ոստիկանության 6-րդ վարչությունը այն փոխանցեց Քննչական գլխավոր վարչություն:
«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է գտնվում «Նաիրիտի» գործը, ոստիկանությունից ստացվել է հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»: Այս հոդվածը նշանակում է, որ հանցակազմ չկա:
‘