Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին խաղում մրցեցին Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Սա չորրորդ 0-0 հաշվով ավարտված խաղն էր ԱԱ-2022-ում: Գոլազուրկ ավարտ են ունեցել նաև Դանիա — Թունիս, Մեքսիկա — Լեհաստան և Մարոկկո — Խորվաթիա հանդիպումները:
Արգենտինական «Վելես Սարսֆիլդի» պաշտպան Դիեգո Գոդինը, խաղադաշտ դուրս գալով Ուրուգվայի հավաքականի մեկնարկային կազմում, դարձել է հարավամերիկյան թիմի պատմության՝ աշխարհի առաջնությանը մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան և 281 օրական): Նա գերազանցել է 1954-ի Մունդիալին մասնակցած Աբդուլիո Վարելայի ցուցանիշը: Ուրուգվայցի կիսապաշտպանն ԱԱ-1954-ում խաղացել էր 36 տարեկան և 279 օրականում:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում ուժերը կչափեն Պորտուգալիայի ու Գանայի հավաքականները: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
H խմբի երկրորդ տուրում Հարավային Կորեան նոյեմբերի 28-ին կխաղա Գանայի դեմ, Ուրուգվայը նույնը օրը կմրցի Պորտուգալիայի հետ:
ԱԱ-2022, առաջին տուր
H խումբ
Ուրուգվայ — Հարավային Կորեա՝ 0-0 (տեսանյութ)