‘
Երեկ՝ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լոռու մարզի Գյառգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22- ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացածների վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառը եղել մոլոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ քաղաքացիների մահվան պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:
Երեկ ձերբակալվել է ռեստորանային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Թորսոյանը:
Կայքը հիշեցնում է, որ նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս Ստեփանավանի քաղաքապետն է:
Սա առաջին դեպքը չէ, երբ նշված հյուրանոցառեստորանային համալիրում տեղի են ունեցել նման ողբերգական դեպքեր:
‘