‘«Հերթա»-«Բորուսիա». խաղից առաջ ‘

876

Դեկտեմբերի 13, ժամը՝ 18:30, Բեռլին, «Oլիմպիաշտադիոն»

Մրցավար Ֆելիքս Բրիխ

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կմրցեն Բունդեսլիգայի նկուղում գտնվող երկու ճգնաժամային ակումբներ Դորտմունդի «Բորուսիան» և Բեռլինի «Հերտան»: Երկու թիմերն էլ կպայքարեն միավորների և Բունդեսլիգայի աղյուսակում հաստատուն դիրք ապահովեու համար: Երկու թիմերն էլ կանգնած են Բունդեսլիգայից դուրս մնալու վտանգավոր եզրագծին:

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի վտանգավոր տեղերից դուրս գալու համար: Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ զգալիորեն բարելավել խաղը, իսկ նախորդ տուրում նաև վերջապես հաղթանակ տոնեց: 14-րդ տուրում դորտմունդցիները հյուրնկալեցին «Հոֆենհայմին»  և կարողացան հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: «Բորուսիայի» համար այդ հաղթանակը հիշարժան էր` ընդամենը չորրորդն էր ընթացիկ առաջնությունում:

Այժմ Գերմանիայի փոխչեմպիոնները մրցաշարային աղյուսակի վերջին տեղից բարձրացել են 14-րդ տեղ և շարունակում են պայքարել Բունդեսլիգայից դուրս չմնալու համար:

Ինչ վերաբերում է թիմի մեկնարկային կազմին, ապա Յուրգեն Կլոպը լուրջ փոփոխություն է կատարել: Արդեն երկու խաղ է «Բորուսիայի» 34-ամյա դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մնացել է պահեստային կազմում: Հայտնի դարպասապահին փոխարինել է 26-ամյա ավստրալացի  Միտչել Լանգերակը, և ըստ Կլոպի՝ հաջորդ երեք տուրերում նույնպես Վայդենֆելերին կփոխարինի Լանգերակը, ով «Բորուսիայում» է 2010-ից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղը «Բորուսիայի» մեկնարկային կազմում չի վիճարկվում, թեև գոլային պահերի իրացման հետ խնդիրները շատ են:

«Հերտան» նույնպես չի փայլել ընթացիկ մրցաշրջանում և «Բորուսիայի» նման գոյատեւման պայքար է մղում: Մրցաշրջանի մեկնարկից այս թիմը գրանցել է նույն արդյունքը, ինչ այսօրվա մրցակից Դորտմունդի «Բորուսիան».  14  տուրերի ընթացքում հավաքել է ընդամենը 14 միավոր` գրանցելով 4  հաղթանակ, 2 ոչ ոքի, 8 պարտություն և այդ անմխիթար արդյունքով 15-րդ տեղում է:

Միայն Բրեմենի «Վերդերն» ու «Շտուտգարտն» են ավելի շատ գոլեր բաց թողել, քան «Հերտան» (26 գնդակ).

«Հերտան» սակայն բավական լավ պատմություն ունի «Բորուսիայի» դեմ խաղերում.  «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում անցկացրած նախորդ երկու խաղերում էլ հաղթել է 2:1 հաշվով:

Մարզիչների տեսակետները

Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպ. «Մենք այժմ պայքարում ենք Բունդեսլիգայից դուրս չմնալու համար: Մենք քաջածանոթ ենք մեր խնդիրներին և այս խաղում ամեն ինչ անելու ենք մեր դիրքը բարելավելու ուղղությամբ:
Ես դրական փոփոխություն եմ նկատում, սակայն պետք է դառնալ առավել հետևողական եւ հնարավորինս քիչ սխալներ թույլ տալ»:

«Հերտայի» գլխավոր մարզիչ Յոս Լուհուկայ. «Կարիք չկա նշելու խաղի կարեւորությունը, մրցաշարային աղյուսակի արդյունքները կարդալ կարող են բոլորը: …Մենք պետք է մեկընդմիշտ հասկականք, որ սխալվելու հնարավորություններ մեզ այլևս չեն մնացել, ամեն խաղը որոշիչ է մեր դիրքում գտնվող ակումբի  համար»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ԱՆ-ն դադարեցրել է տեղեկատվության աղբյուրի բացահայտման գործի քննությունը’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկների հավաքը Եռաբլուրում. Տեսանյութ’