‘Հերոսները գնում են՝ քաղբանտարկյալի խարանը թողնելով մեզ ‘

3408

Այսօր ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հոգեհանգստի արարողությունն է լինելու: Վաղը նրա դին կհանձնեն հողին: Ազատամարտիկը կգնա մեզանից որպես հերոս, որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար իր առողջությունը չխնայած մի անձնավորություն, անկախության առաջին տարիներին իր ներդրումն ունեցած մարդ, իսկ մենք կմնանք այսպես՝ քաղբանտարկյալի խարանը ճակատներիս: Հա, հենց մեր ճակատներին, որովհետեւ մենք էդ խարանը չկարողացանք մաքրել: Ազատամարտիկին դատեցին որպես հանցագործի, դատեցին հանցագործնե՛րն իսկ, պետության համար կռիվ տվածին, պետության համար նորից ոտքի ելածին բանտարկեցին որպես հանցագործի նրանք, ովքեր, պետությունը խաղալիք դարձրած, ճամարտակություններ էին անում, եւ ինչ փույթ նրանց համար, թե ում են բանտ տանում, եւ կամ, առավելեւս՝ ինչի համար: Ասում էին՝ ազատամարտիկն իր գործն արել է, ազատամարտիկը պետք է հեռանա: Ի՞նչ գործ ունի, թե երկիրը հիմա ում ձեռքերում է, եւ ինչ են անում այդ ձեռքերը երկրի հետ: Էդպես էր: Ով ավելի շատ վաստակ ուներ, նրանց ձայնն ավելի էր զայրացնում իրենց: Էդ տղերքին կոտրել էին ուզում, իրենց թրի տակով անցկացնել էին ուզում: Եւ որոշեցին՝ ով կոտրվեց ու իրենց թրի տակով անցավ, նրան մյուսներից առավել պիտի հռչակեն, իսկ ով չէ՝ զնդանը տանեն: Կոտրել չէին կարող, ներել՝ առավելեւս: Որովհետեւ նրանցից առավել շատ էին վախենում: Մարդասպանին կարող էին բանտի դուռն անգամ ցույց չտալ, կաշառակերին, ընտրակեղծարարին իրենց ախպերը պիտի հռչակեին, որովհետեւ իրենց պատկերով ու նմանությամբ պիտի լիներ, իսկ անարդարությունը չհանդուրժողներին՝ զնդան, զնդան, զնդան….

Սմբատ Այվազյանը նրանցից մեկն էր, մի օրինակ՝ այդ ամբողջ գարշելի ծրագրին «զոհ» դարձածներից: Պարզապես, եթե ուրիշների դեպքում դեռ խարանը ջնջելու հնարավորություն կա, նրա դեպքում էդ հնարավորությունն արդեն կլինի հետմահու: Իսկ մինչ այդ կռիվ պիտի տանք: Բոլորս: Որովհետեւ սրանք սրբություն չունեն, հիշողություն չունեն, չունեն ո՛չ հայրենիք, ո՛չ անցյալ, ո՛չ ապագա: Սրանք ներկայում են ապրում, միայն: Անցյալը սրանց համար գործիք է, ու նույնիսկ ապագան է գործիք: Որով պետք է կռիվ տան: Անցյալով՝ ապագայի դեմ, եւ ապագայով՝ անցյալի: Սրանց ուզածը միայն մոռացությունն է: Ով ինչ արել՝ արել է, հիմա բոլորը պետք է մոռանան այդ մասին, որովհետեւ հակառակ դեպքում համեմատություն պիտի արվի, իսկ որ համեմատություն արվի, տարբերությունն ակնհայտ է լինելու: Ու որպեսզի տարբերությունը չտեսնեն, պիտի վերացնեն նրանց, ում հետ իրենց համեմատության մեջ պիտի դնեն: Հենց այդ պատճառով էլ կռիվ են տալիս: Ամենքի ու ամեն ինչի դեմ: Հակառակորդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի դեմ եւ հատկապես նրանց դեմ, ում ժողովուրդը լավ աչքով է նայում:

Սրանց ուզածը երկիր է՝ առանց հերոսների, երկիր՝ կեղծ հերոսներով, երկիր՝ առանց մարդկանց, մարդ՝ առանց ինքնասիրության ու սկզբունքների, մի անօդ տարածք, որտեղ բոլորը պիտի ապրեն մի համընդհանուր կափարիչի տակ, եւ օձն իր պորտով, հավքն իր թեւով պիտի չսողոսկի ներս: Սրանց ուզածն ազատությունը մի թափանցիկ տարայի մեջ փակելն ու կոնսերվացնելն է:

Բայց սրանք միայն մի բան չեն կարողանում հասկանալ: Իրենցը ժամանակավորն է, որովհետեւ իրենց ամեն ինչը անանցյալ է, ու անապագա: Կգա ժամանակը, ու մենք հերոսների եւ մեր ճակատներից թղթով կմաքրենք քաղբանտարկյալի խարանը, ամոթի խարանը: Էդ ժամանակը հաստատ գալու է, չի ուշանալու: Բայց այդ ժամանակ ուրիշ ժամանակներ են լինելու, էդ էն ժամանակն է լինելու, երբ ներկան նորից դառնալու է անցյալն ու ապագան կամրջող մի իրողություն, երբ հերոսներին կպատվեն հերոսավայել, իսկ բանտերում միայն հանցագործներ կլինեն: Եւ այդ ժամանակ էդ հանցագործներին մի բաժակ ջուր հասցնող անգամ չի լինելու: Նույնիսկ՝ մարդասիրությունից դրդված:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը երեք պահանջ է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան և Ուկրաինա. Ճակատամարտ՝ միջազգային իրավունքի դաշտում’