‘
Մոտ ապագայում Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել, այսօր լրագրողների հետ զրույցումհայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է և ԼՂ հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար: Հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահների միջև հանդիպում տեղի կունենա», — ասել է նա:
Դեսպանի խոսքով, համանախագահների ուղերձը շատ հստակ է ու հետևողական՝ ղարաբաղյան խնդրի լուծման համար կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցված, խաղաղ լուծում:
«Նրանք (համանախագահները-խմբ.) խստորեն քննադատում են ռազմական հռետորաբանությունը, դատապարտում են հրադադարի խախտումները և իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են սահմանային միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերրին վերստին հանձնարարել է մեզ՝ խաղաղ կարգավորում գտնել այս հակամարտության համար»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Դեսպանը նշել է նաեւ, որ իր եւ, ամենայն հավանականությամբ, իրեն փոխարինողի համար գերակայություն է լինելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և հայաստանցիների համար աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը:
‘