‘ՀԺ. Վովա Գասպարյանը քիթը քորելով՝ ձեռքն է վերցրել ինքնաձիգը եւ հայհոյելով` սկսել է անկանոն օդ կրակել ‘

4080

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը այսօր Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում խոսել է մարտի 1-ի դեպքերի մասին:

Այսպես, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «2008-ին  անհամաչափ ո՞ւժ է կիրառվել, և ոստիկանությունն իրեն մեղավոր համարո՞ւմ է», Գասպարյանն ասել է, թե. «Ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետև այդ միջոցառմանը չեմ մասնակցել, ես չեմ կառավարել, ես էլ ձեզ նման եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում՝ անկախ ամեն ինչից, թե լրատվամիջոցներն ինչեր էին պատմում այն ժամանակ, դրանից հետո և իմ նշանակվելու ժամանակ»:

Շատ ուշագրավ հայտարարություն է անում Գասպարյանը՝ ասելով, թե ինքը հանդիսատես է եղել եւ իրադարձություններին ներկա չի եղել:

Վերջինիս հիշողությունը թարմացնելու համար, սակայն, հրապարակենք 2010 թվականին «Հայկական Ժամանակ» թերթում՝ մարտիմեկյան դեպքերին Վովա Գասպարյանի անմիջական մասնակցության վերաբերյալ մի հրապարակում: Գուցե պարոն ոստիկանապետի (իսկ այն ժամանակ՝ Ռազմական ոստիկանության պետի) հիշողությունը փոքր-ինչ թարմանա:

***

Նյութը սկսվում է նրանով, որ մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ժողովրդի սպանդի ակտիվ մասնակիցների բացահայտման ամենալավ ուղեցույցն է, եւ ապա նշվում է, որ նիկոյանական զեկույցի հեղինակների կողմից իսպառ «անտեսվել» է մարտի 1-ին ՀՀ ռազմական ոստիկանության ուժերի մասնակցության հանգամանքը: Իսկ այն, որ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել է, հաստատված է մարտի 1-ի տեսագրություններով, որոնցում հստակ երեւում է, որ դեռեւս մարտի 1-ի կեսօրից ՀՀ կառավարության շենքի մոտ կայանված է եղել ռազմական ոստիկանության մարտական զրահամեքենան: Ավելին, ռազմական ոստիկանության մասնակցությունը մարտի 1-ին հաստատել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը` Փաստահավաք խմբի անդամների հարցերին պատասխանելիս:

Մեջբերելով Փաստահավաք խմբի զեկույցը՝ թերթը նշում էր, որ մարտիմեկյան սպանդին ՌՈ մասնակցության մասին է փաստում նաեւ այն, որ ռազմական ոստիկանության երկու մարտական զրահամեքենաներ տեղակայված են եղել Լեոյի փողոցում: Ըստ որոշ լուրերի, դրանց վրայից անընդհատ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց են կրակել Պարոնյան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների ուղղությամբ:

«Ըստ լուրերի, ժամը 21.30-ի սահմաններում, երբ ոստիկանական զորքերը Պարոնյան փողոցից նահանջել են Լեոյի փողոց, եւ ՈԶ զինվորները այլեւս հրաժարվել են գրոհել, այնտեղ է եկել Վովա Գասպարյանը: Երբ Վովա Գասպարյանը տեսել է, որ զինվորները հրաժարվում են գրոհել, զգեստափոխվելու պատրվակով նստել է ավտոմեքենան, թեպետ ամբողջությամբ մարտական հանդերձանքով եւ սպառազինությամբ է եղել: Ավտոմեքենայից դուրս գալուց հետո, Վովա Գասպարյանը քիթը քորելով ձեռքն է վերցրել ինքնաձիգը եւ հայհոյելով` սկսել է անկանոն օդ կրակել: Այդ ժամանակ տեղում եղած ոստիկանության զորքերի զինծառայողները նկատել են, որ քիչ հեռու` պատշգամբում, մարդ է վայր ընկել: ՈԶ սպաներից մի քանիսը վազել են այդ կողմ: Տվյալ դեպքում, վայր ընկածը եղել է մարտի 1-ին ճակատի մասում հրազենային վնասվածք ստացած եւ հրաշքով փրկված Ռուբեն Թորոսյանը: Այդ ընթացքում Վովա Գասպարյանը սկսել է հայհոյելով եւ քաշքշելով ստիպել, որ ՈԶ զինվորները շարք կանգնեն: Հենց այդ խառնաշփոթի ժամանակ կրկին կրակոցներ են հնչել, իսկ մի քանի վայրկյան անց հայտնի է դարձել, որ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ՈԶ զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով շուրջ քառասուն օր անգիտակից վիճակում մնալուց հետո` հիվանդանոցում մահացավ»:

Նախորդ հոդվածը‘ԿԲ նախագահի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Կոնֆեդերացիայի գավաթի» քաղաքներում կարգուկանոնը կհսկեն զինվորական ստորաբաժանումները’