‘«ՀԺ». Փոխոստիկանապետը երբեք չի հետևել ոչ մի լրատվության, բացի «Հայլուրից»’

779

Երեկ  ճանապարհային ոստիկանության անվտանգության խնդիրները քննարկող Աժ լսումների ժամանակ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ստացվում, որ ոստիկանները մաքրում են հակաիշխանական նկարներն ու պաստառները պատերից ու ասֆալտից, բայց կրոնական այլատյացության տարածող կամ ընդդիմադիր գործիչներին վարկաբեկող գրություններին ուշադրություն չեն դարձնում. «Սա չի՞ նշանակում, որ ոստիկանությունը քաղաքականությամբ է զբաղվում»։ Օսիկյանը պնդեց, որ ոստիկանությանն ապաքաղաքականացված կառույց է. «Իսկ կոնկրետ դեպքեր եթե ունեք, խնդրեմ, մեր լրատվական ծառայությանը փոխանցեք, եթե ասում եք՝ այլ տեղերում փակցված են նման կարգի գրություններ»։ Այսպիսով, նա փաստացի հերքեց, որ ոստիկանությանը տեսանելի են այլ անհայտ և հայտնի կազմակերպությունների մայրաքաղաքի սյուներին և պատերին փակցրած կոչերը։ Հետաքրքրվեցինք նաև՝ դեպքեր կա՞ն, երբ պատերին և գետնին նկարելու համար ուրիշ մարդիկ էլ ոստիկանություն տարված լինեն, բացի «Հակահարված art» խմբի տղաներից։ «Ես տեղյակ չեմ, եթե ձեզ թվում է, որ ես բոլոր ուղղություններով վիճակագրությանը տիրապետում եմ, սխալվում եք»,– սա էր պատասխանը։ Փաստորեն, ՀՀ փոխոստիկանապետը երբևէ չի անցել Երևանի փողոցներով, երբեք չի հետևել ոչ մի լրատվության, բացի «Հայլուրից»։ Հատուկ փոխոստիկանապետի համար, ոչ ոք շենքերի պատերին որևէ պաստառ փակցնելու համար երբեք բերման չի ենթարկվել, բացի «Հակահարված art»–ի երիտասարդներից, իսկ այդ նույն պատերը պարզապես «պայթում են» տարբեր մարդկանց հասցեին տափակ ու անտաղանդ կոչեր պարունակող անճաշակ պլակատների առատությունից։

Նախորդ հոդվածը‘2012թ. աշխարհի խորհրդանշական հավաքականը. World Soccer’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը և Շարմազանովը տեսակցել են Վազգեն Խաչիկյանին’