‘Հիմա՞ր են, արդյոք, տղամարդիկ’

2048

Ամանորյա թեթևամիտ տոնը վաղուց ի վեր իր սողոսկել է նաև գիտական հանրույթ։ Այս անգամ դա արտահայտվել է մի ինքնատիպ հոդվածի տեսքով, որն ուսումնասիրում է տղամարդկանց բացարձակ գերակշռությունը պատմության ամենաապուշ մահերի հարուցիչների ցանկում։

Բրիտանական Բժշկական Հանդեսը (British Medical Journal) տոնական տրամադրության ազդեցությամբ ամեն ամանորի լույս է ընծայում մի հատուկ համար՝ լեփ-լեցուն գիտական դատարկաբանությամբ։ Հոդվածների «գիտությունը» իսկական է, այսինքն՝ հարցադրումը, հետազոտական մեթոդը, տրամաբանությունն ու եզրահանգումները ճշգրիտ են, իսկ փաստական նյութի առումով՝ համընդգրկուն և ճշմարտացի։ Ծիծաղելի և անլուրջ է իրականում ուսումնասիրության առարկան։ Անցյալ տարի, օրինակ, լույս են ընծայվել այսպիսի հոդվածներ. «Կախարդանքի գենետիկ և էպիգենետիկ ծագումը», «Խմիչքի ազդեցությունը Ջեյմս Բոնդի մտավոր-ֆիզիկական ունակությունների վրա» և «Միանվորդի հարուցած հրապարակային ռեակցիայի դրսևորումները»: Միանվորդը միանիվ (unicycler) քշողն է:

Այս տարվա լավագույն հոդվածը պատկանում է 15-ամյա մի պատանու գրչին։ Հեղինակը Բեն Ալեքսանդր Դենիել Լենդրեմն է Էդվարդ VI-ի անվան դպրոցից։ Համահեղինակ է նաև երիտասարդի հայրը՝ վիճակագրության մասնագետ Դենիս Լենդրեմը Մեծ Բրիտանիայի Բջջային բժշկության ինստիտուտից։ Նա ուսումնասիրում է մարդու վարքը որոշումների կայացման հարցում։

Հոդվածը կանխավարկածը «Արական ապուշության տեսությունն» է (Male Idiot Theory), որի միջոցով հեղինակներն ուսումնասիրել են Դարվինյան մրցանակի բոլոր եղած հաղթողներին։ 1993 թ. հիմնված այս մրցանակաբաշխությունը կենտրոնանում է ապուշագույն մահերի համաշխարհային դեպքերի վրա, որոնցից են, օրինակ, փռի ծխնելուզ մերկ մտնելով լռվելու, կամ բանտի մետաղական ունիտազին նստած էլեկտրական հաղորդալարերով ինչ-որ սարքեր պատրաստելու և նմանատիպ բազում այլ դեպքերը, որոնք կարծես միտված լինեն մարդ տեսակի երկարաժամկետ գոյատևման ապահովմանը՝ արտամղելով ապուշագույն առանձնյակներին մարդու գենետիկ բազմազանությունից։

Ուշագրավ է Լենդրեմների վիճակագրությունը. այն ցույց է տալիս, որ Դարվինի մրցանակի արժանացած 318 մահերից 282-ը, այսինքն 88.7%-ը պատկանում են տղամարդ տեսակին։

Ըստ Կրիշնադև Քալամուրի՝ հետազոտողների բերած օրինակներից են երբ մարդը լրտեսական գրիչ-ատրճանակով կրակում է սեփական գլխին՝ ընկերոջն ապացուցելու, որ այն իսկական է, կամ երբ ահաբեկիչը բացում էր իր իսկ ուղարկած ծրարը՝ լցված պայթուցիկով, երբ այն հետ է վերադարձվում բավարար քանակի դրոշմանիշներ փակցրած չլինելու պատճառով։

Հեղինակներն ընդունում են, որ ընտրությունը կարող է և միակողմանի լինել և դրանով իսկ ազդել վերջնարդյունքի վրա, քանի որ կանայք ավելի հաճախ տղամարդկանց են առաջ քաշում նման մրցանակների, իսկ տղամարդիկ էլ՝ ըստ երևույթին ավելի հաճախ են իրենց վրա տարաշխարհիկ բնույթի ռիսկեր վերցնում՝ դառնալով նորությունների հերոսներ։ Չնայած դրան՝ տվյալ անհատների գիտակցության մակարդակի հետ, այնուամենայնիվ, մի բան այն չէ։

Հեղինակները եզրակացնում են՝

«Հակառակ մոդելի բոլոր սահմանափակումներին, գրեթե կասկած չկա, որ Դարվինի մրցանակակիրները երբեք իրապես չեն գնահատում կամ նույնիսկ փորձում կառավարել սեփական ռիսկերը, և արածն անում են հենց այնպես։ Որոշ դեպքերում, դա կարող է լրջորն կասկածի առնել տվյալ անհատի ինտելեկտի մակարդակը։

Օրինակ, մի գրասենյակի աշխատակիցներ, հետևելով, թե ինչպես է շինարարը քանդում մոտակա ավտոկայանատեղին՝ երկու օր կասկածի էին ենթարկում վերջինիս մոտ խելքի նշույլի առկայությունը։ Վեճը ծավալվում էր այն հարցի շուրջ, թե աշխատողը կայանտեղիի կրող սյուները հեռացնելու և հարթակն ապահով փլեցնելու համար ինչ պլանով է գործում։ Երրորդ օրը մարդիկ հասկացան, որ պլան իրականում չկար։ Բետոնից հարթակը պարզապես փուլ եկավ՝ ճխլելով քանքարաշատ շինարարին իր մինի-էքսկավատորի հետ միասին։»

Եթե հարցին լուրջ մոտենանք, Դարվինի մրցանակի վիճակագրությունը բազմակողմանի արդյունքեր ու եզրակացություններ առանձնապես չի խոստանում, բացի այնպիսի դատողություններից, թե ինչու է տղամարդկ-կին հարաբերակցությունն իրականում այդքան անհավասար։ Հավանաբար դրա պատճառը պարզապես տղամարդկանց՝ գլխից դուրս ֆիզիկական (և նաև այլ) ռիսկեր վերցնելու մղումն է, որը, ըստ հեղինակների ենթադրության, ինիցիացիայի (տղամարդ դառնալու) ինքնանպատակ մի ծես է։

Որոշ տեսություններ փորձում են աշխարհում տղաների ծնունդի գերակշռությունը բացատրել նրանով, որ վիճակագրորեն տղաներն աղջիկներից ավելի շատ են տուժում մահացու հիվանդություններից, ավելի մեծ ռիսկերի ենթարկվում կյանքում, ավելին են դաժան մահերն ու սպանությունները։ Դըրհեմի համալսարանի հոգեբան Էնն Քեմփբելը Վաշինգթոն Փոսթին տված իր հարցազրույցում նշել է, որ «բազմաթիվ կենդանատեսակների արուների վարքը, պայմանավորված ուժի տարբերությամբ, անհամեմատ ավելի ռիսկային է, քան էգերինը, որոնք պակաս վարիացիա են ցուցաբերում հաղթող-պարտվողի ու դրա հետ կապված սերնդաթողության հարցում. ավելին՝ սերնդաթողության հարցում տվյալ որձի մասնակցությունը գրեթե երբեք կարևոր չէ»։ Հոգեբանը հավելում է, որ «էգը միշտ պարտավոր է կենդանի մնալ սերունդ ունենալու և այդ հարցում սեփական հաջողակությունը մեծացնելու համար»։

Զարմանալի է այն, որ ֆիզիկական ուժով էգին հմայելու համար ռիսկի գնալը կարելի էր պատկերացնել կամ արդացնել, ասենք, թրատամ վագրերի ու այրարջերի դարում, երբ վայրի կենդանիներից պաշտպանությունը կենսական նշանակություն ուներ, սակայն պարզ չէ, թե ռիսկի գործոնը ինչու է դեռևս կարևոր և գերակշռող, այն էլ՝ 21-րդ դարում։ Վաշինգթոն Փոստը հաղորդում է, որ տղամարդիկ ավելի շատ են վթարի ենթարկվում, ավելի շատ են հոսպիտալացվում տարաբնույթ վնասվածքներով, քանի որ սիրում են, ասենք, պարաշյուտով թռչել, լեռ բարձրանալ, թմրանյութ օգտագործել, ֆիզիկապես և խոսքով ավելի ագրեսիվ են։ Հին սովորություները դժվար են հաղթահարվում։

Քանի դեռ Արական ապուշության տեսությունը բավարարում է արական ապուշությունը բացատրելուն, հիվանդանոցներն ու շտապօգնության կենտրոնները շարունակելու են անդամահավաքչության (նաև՝ բառացի) իրենց շնորհակալ (կամ Դարվինի մրցանակի տեսանկյունից՝ անշնորհակալ) գործը։

«Ամանորի տոներին մենք շարունակելու ենք ուշի ուշով հսկել տիկնանց և պարոնանց վիճակագրությունը, լինի դա ալկոհոլի ազդեցությամբ, թե դրա բացակայությամբ»,- եզրափակում են հեղինակները։

Հումորի հրաշալի զգացումի շնորհիվ՝ հոդվածագիր պատանին՝ Բեն Ալեքսանդր Դենիել Լենդրեմը, ԲԲՀ-ում երբևէ տպագրված ամենաերիտասարդ հեղինակն է, իսկ նրա աշխատանքը, անշուշտ, արժանի է թեկնա…… կներեք,սա ուրիշ օպերայից էր։

Աղբյուրը՝ http://www.sciencealert.com/new-study-reveals-men-are-idiots

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայում հայտնաբերել են անհետացած A320-ի մասունքները’
Հաջորդ հոդվածը‘Տոն օրերին ոստիկանությունը արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնի’