Հիմա էլ Րաֆֆին. YerevanPress

1566

Տարբեր տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում 3 նախագահների թիկնապահ հանդիսացած գեներալ Գրիգորի Հայրապետովի մահվան առիթով ՀՀ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել է գնահատանքի խոսք, որում, մասնավորապես, նշել է․ «Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական եւ բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ եւ ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին: Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար: Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի եւ անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետեւի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա» (Առավոտ, 03․01․2022)։

Զարմանալի է, սակայն, այն, որ նման սկանդալային միջադեպի մասին (իսկ ԵԱՀԿ ԱԳ նախարարների ժողովին հյուրընկալված որևէ ԱԳ նախարարի մեքենայի վրա հարձակումը համաշխարհային քաղաքական և լրատվական սկանդալ է) Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չի հիշատակել։ Ո՛չ Թուրքիայից վերադառնալուց հետո, ո՛չ էլ հետագայում։ Ըստ էության, նա դրա մասին տեղյակ չի պահել նաև ՀՀ այդ ժամանակվա բարձրագույն իշխանությանը, որը պարտավոր էր նման պարագայում արձագանքել նման անընդունելի միջադեպին։ Չի հիշատակել նաև հետագա 30 տարիների ընթացքում՝ ունենալով իր կենսագրությունում նման «փառավոր դրվագ»։ Հետևաբար, այլ բան չի մնում ենթադրել, քան այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆանտազիաները հարմար առիթով փորձում է հրամցնել որպես իրականություն։ Այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա։ Հայաստանի քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունն այժմ զբաղված է պատմությունը կեղծելով՝ մի դեպքում սեփական անձի համար գունեղ կենսագրություն ապահովելու (ինչպես այս պարագայում), մյուս դեպքում գործած հանցանքների համար սեփական պատասխանատվությունը ժողովրդի առջև թաքցնելու նպատակով (ինչպես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պարագայում)։

yerevanpress.com

Նախորդ հոդվածըԿառավարությունը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՄի ուշագրավ դրվագ հայ-վրացական հարաբերությունների պատմությունից. Ալիք Մեդիա