‘Հիմա «Կուկու»-ները չեն կանչում, հիմա արդարադատությունն է կանչում, պարոն Սողոմոնյան’

8632

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Ուվագիծ» հաղորդման եթերում մի շարք, մեղմ ասած, ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք առանձին մեկնաբանության կարիք ունեն:

Թե բա՝ հակաքարոզչություն

Խոսելով Քոչարյանի դեմ հանրային վատ վերաբերմունքից՝ Սողոմոնյանը բառացիորեն ասում է. «Ուղիղ 10 տարի հետեւողական եւ նպատակաուղղված հակաքարոզչություն է տարվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: …որ ամեն ինչի մեղավորը, ինչ վատ բան կա, արել է Քոչարյանը: Այդ թվում՝ թալանել է, մարտի 1 է կազմակերպել, հոկտեբերի 27 է կազմակերպել, եւ դրան արժանի պատասխան, խոստովանում եմ, որ մենք չենք տվել: Այսինքն, եղել է այդ պրոպոգանդիստական ալիքը, որը անընդհատ մեծացել է, որը, ես չեմ թաքցնում, արմատավորվել է հասարակության որոշակի շրջանում, եւ որը տվել է իր արդյունքները այն տեսքով, որ հասարակության մի մասը վստահ է, որ դա իրականում այդպես է»:

Այսինքն, Քոչարյանի հանդեպ հանրային, մեղմ ասած, վատ վերաբերմունքի պատճառը, ըստ Սողոմոնյանի՝ այն է, որ նրա դեմ հակաքարոզչություն է արվել: Հիմա փորձեք հիշել, թե վերջին տասը տարիների ընթացքում ո՞ր հեռուստալիքով է հակաքարոզչություն իրականացվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Փորձեք հիշել մի ռեպորտաժ, մի հաղորդում, մի ֆիլմ, որտեղ Սողոմոնյանի նշած պնդումները տեղ են գտել: Չեք գտնի նման բան, քանզի չի եղել՝ լայն սփռում ունեցող քարոզչաալիքները չեն արել նման բան, իսկ ոմանք նույնիսկ հակառակն են արել: Դե իսկ հիմա փորձեք հիշել մեր հեռուստաալիքների բովանդակությունը 1998 թվականից սկսած: Այսօր անմեղ ու անտեղյակ ձեւացող նույն Վիկտոր Սողոմոնյանը լավ կհիշի, թե ինչպես էին ԲՈԼՈՐ հեռուստաալիքները՝ Հանրային հեռուստաընկերության գլխավորությամբ, տասը տարի շարունակ բոլոր հնարավոր կեղծիքներն ու ստերը տարածել  Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Այսինքն, իրականում այն, ինչի մասին խոսում է Սողոմոնյանը, իրականացվել է իր ղեկավարի նախագահության տարիներին՝ բոլորովին այլ մարդու դեմ: Սակայն նույնիսկ այդ «տիտանական» հակաքարոզչությունը չի  կարողացել ամբողջությամբ հասնել իր նպատակին, եւ երբ 2007 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն եւ առաջադրվում է նախագահի թեկնածու, մարդիկ հեղեղել են հրապարակն ու մասնակցել նրա հրավիրած հանրահավաքներին՝ այդպիսով իրենց աջակցությունը բերելով Տեր-Պետրոսյանի առաջադրման գաղափարին: 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ, չնայած հեռուստաալիքներով շարունակվող տոտալ հակաքարոզչությանը (տես՝ ԵՄԱ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցները), մարդիկ Հայաստանում նախընտրական հանդիպումներ անցկացնող Տեր-Պետրոսյանին աղուհացով ու գառ մորթելով էին դիմավորում: Եւ դա՝ չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանի դեմ սեւ քարոզչությունը նրա դեմ կիրառվող գործիքներից մեկն էր ընդամենը: Մարդիկ կարող էին աշխատանքից ազատվել եւ հետապնդվել նրան աջակցելու կամ նրա հանրահավաքին  մասնակցելու համար:

Այնպես որ, նախ, սեւ քարոզչությունը կպնում է միայն նրան, ով կպնելու տեղ ունի, եւ երկրորդ՝ Վիկտոր Սողոմոնյանը լավ կանի իր ղեկավարի նախագահության ժամանակ իրականացրածը շուռ չտա եւ չվերագրի այլոց:

Որտե՞ղ են իմ ցուցարարները

Ի դեպ, հանրահավաքների եւ հրապարակային՝ զանգվածային աջակցության մասին: Պատասխանելով այն հարցին, թե եթե Քոչարյանն իսկապես ունի հանրային աջակցություն, ապա ինչու նրա կողմնակիցների կոնտր-հանրահավաք չի հրավիրում, Սողոմոնյանն ասում է. «Մենք, իհարկե, հայերս մաքսիմալիստներ ենք, ուզում ենք, որ ամեն ինչ միանգամից լինի: Այդպես չէ, չեմ կարծում, որ կողմնակիցների զանգված պատրաստ է միանգամից հանրահավաք անի, հանրահավաք անող մարդը այլ մարդ է, փողոց փակողն՝ այլ, կաբինետում աշխատողն՝ այլ: Ես հիմա ոչ մեկին ապացուցելու ոչ մի բան չունեմ, ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Հիմա դուք կարծում եք, որ ասում են՝ դուք բազա չունեք, կամ ինչ-որ բան, ես հուզվում եմ, մտածում եմ՝ ինչպե՞ս անեմ կամ միԾինգ կազմակերպեմ, որ մարդիկ դուրս գան փողո՞ց: Ես չեմ կասկածում, որ դա էլ է լինելու»:

Հասկացաք, չէ՞: Քոչարյանն ունի կողմնակիցներ ու աջակիցներ, բայց հո ուրիշներին բան ապացուցելու համար նրանց փողոց չե՞ն հանելու: Երեւի թաքուն են պահում, որ աչքով չտան:

Պետականության չգիտակցումը

Իսկ հիմա ամենակարեւորի մասին: Սողոմոնյանն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ մարտի մեկի զոհերի համար: «Քոչարյանը մեղավոր է մի բանի մեջ, որը կազմակերպվել է բոլորովին այ մարդկանց կողմից: Այսինքն, ես վերցնեմ երեխաներին, իջեցնեմ մետրոյի գծերի վրա, գնացքը գա երեխաների վրայով անցնի եւ … մետրոյի տնօրենն էլ է մեղավոր, իհարկե, մեղավոր է, բան չեմ ասում, բայց եկեք մի հատ ճշմարտությանն էլի նայենք»:

Այսինքն, մարտիմեկյան սպանդը Սողոմոնյանը համեմատում է գնացքի հետ, որ մեղավոր են, փաստորեն, ոչ թե սպանողն ու սպանելու հրաման տվողը, այլ մարդիկ, ովքեր իրենց իրավունքները պաշտպանելու համար ոտքի էին կանգնել (Նունե Եսայանը դեռ 2008-ին էր դա ասում՝ չգնային, չզոհվեին): Այսինքն, ըստ Սողոմոնյանի տրամաբանության, մեղավորը հանարհավաք անողն է, որովհետեւ իշխանությունը սպանող է, հանրահավաք անողը գիտի, որ իշխանությունը սպանող է, եւ սպանելը, փաստորեն, որպես այդպիսին՝ նորմալ է, այդպես էլ պիտի լինի, եւ հետեւաբար, մեղավոր է, որ գնում է հանրահավաք, որտեղ գիտի, որ իրեն կարող են սպանել: Սա է Սողոմոնյանի ասածի տրամաբանությունը: Ու ահա այս մարդը իրեն հռչակել է պետական գործիչ, եւ դեռ մի բան էլ ամեն անգամ տարբեր ԶԼՄ-ների հետ զրույցում բողոքում է, թե իրենց հանդեպ ճնշումներ կան:

Մոռանալով, որ եթե իրենց հանդեպ անեին այն ամենը, ինչ իրենք արել են 2008-ին ընդդիմության հանդեպ, ապա Ռոբերտ Քոչարյանը հիմա վաղուց ԱԱԾ մեկուսարանում կլիներ՝ ոչ թե իրական, այլ՝ շինծու մեղադրանքներով, կամ հարցաքննության ժամանակ պատահաբար կփորձեր փախուստի դիմել, ու ոտքը կսայթաքեր ու կընկներ պատուհանից, իսկ Վիկտոր Սողոմոնյանին էլ  Պապլավոկում մի անհայտ ռոմանտիկ Կուկու կտաներ հեռու մի անկյուն՝ մի մուշտի տալու: Եւ այդ ամենին զուգահեռ կառավարության խոսնակը կզանգեր հեռուստաալիքների ղեկավարներին, կարգելել այդ ամենը լուսաբանել, ապա մի տեքստ կուղարկեր Հանրային հեռուստաընկերություն, որը կկարդար նույն հաղորդավարը, որ մարտի 2-ին կարդում էր հայտնի տեքստը, ու կասեր՝ ահա գազազած Քոչարյանն ու նրա մի խումբ բարեկամները չեն հանգստանում, եւ այլն եւ այսպես շարունակ:

Բայց չէ, նրանք բոլոր ԶԼՄ-ներով խոսելու հնարավորություն ունեն, ու բոլոր այդ հնարավորությունները օգտագործելով՝ բողոքում են իրենց խոսքի ազատության սահմանափակումներից եւ ճնշումներից:

Ի դեպ, մի հարցում Սողոմոնյանը ճիշտ է ասում. շատ ժամանակ չի անցել, բոլորն էլ իսկապես ամեն ինչ հիշում են: Բոլորին: Այդ թվում՝ իրեն:

Եւ վերջում, Սողոմոնյանը ոչ միայն պնդում է, թե Քոչարյանն անմեղ է, այլ որ հանրային վատ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ հասարակությունը ՄՈԼՈՐՎԱԾ է:

«Եւ մենք կարեւորագույն ճանապարհ ունենք անցնելու, երբ հասարակությունը պետք է իր մոլորությունն ընդունի»,- ասում է նա:

Փաստորեն՝ մենք մոլորված են, որովհետեւ չենք «կերել» քոչարյանական տարիներին մեզ մատուցված սեւ քարոզչության տեղեկատվական կտերը: Եւ փառք Աստծո:

Իշխան Պողոսյան

 

Նախորդ հոդվածը‘Թրամփը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է Էրդողանից»’