‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան, ժամը 6:35-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Խուզարկությունն իրականացնելուց հետո Ռոման Սարդարյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի քննչական կոմիտեն:
Նշենք, որ խուզարկությունը տեւեց գրեթե 8 ժամ. այն ավարտվեց 15:00-ի սահմաններում: Հիմանդիր Խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ գրասենյակից առգրավվել են դրոշներ, պաստառներ, թռուցիկներ, ինչպես նաեւ համակարգիչներ, ցուցակներ, աշխատանքային փաստաթղթեր, անգամ շարժան հետ կապ չունեցող իրեր:
Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրեն բերման են ենթարկել որպես վկա: «Ինձ բերման ենթարկեցին որպես վկա, սակայն ասացին, որ կարող եմ օգտվել կասկածյալի իրավունքներից: Ի պատասխան՝ ես նրանց ասացի, որ կարող են ինձ ձերբակալել, սակայն ազատ արձակեցին: Ինձ տեղեկացրեցին նաեւ, որ բերման են ենթարկել զանգվածային անհնազանդություններ կազմակերպելու կասկածանքով: Ասեմ նաեւ, որ մեր տնից առգրավվել են երեք հատ համակարգիչ, էլեկտրոնային կրիչներ եւ այլ իրեր»,- հայտնեց Կարո Եղնուկյանը:
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանին այժմ տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։





‘