‘Հինգ հանդիպում, որոնք չարժե բաց թողնել’

753

Հագեցած շաբաթվանից հետո թոփ-առաջնությունների թիմերը շաբաթ և կիրակի օրերին կանցկացնեն հերթական հանդիպումները ներքին առաջնություններում: iLur.am-ը ձեզ է ներկայացնում ուշադրության արժանի 5 հանդիպումներ:

«Էվերթոն»«Լիվերպուլ»

Կիրակի, ժամը 16:30

Մերսիսադյան «դերբի»-ն արդեն վաղուց կորցրել է իր հետաքրքրությունը մրցաշարային աղյուսակում թիմերի ոչ բարձր դիրքեր գրավելու տեսանկյունից, բայց թիմերի երկրպագուների համար շարունակում է մնալ մրցաշրջանի ամենակարևոր հակամարտությունը: «Մոյես-թիմ»-ին անցյալ մրցաշրջանում վերջապես երկար դադարից հետո հաջողվեց նույնիսկ ավելի բարձր դիրք գրավել մրցաշարային աղյուսակում, քան իրենց համաքաղաքացիները: Այս մրցաշրջանում իրենց հետաքրքիր խաղով Մոյեսի սաները շարունակում են զարմացնել շատերին և հավակնում են որակավորվել Չեմպիոններ Լիգա: Բրենդոն Ռոջերսի թիմում, չնայած «Ռեդինգ»-ի և «Անժի»-ի նկատմամբ տարած մինիմալ հաշվով հաղթանակներին, գործերը շարունակում են հեռու լինել լավ համարվելուց, և ինչպես Դալգլիշի օրոք՝ միակ վառ կետը Սուարեսի խաղն է: «Կապույտներ»-ի հնարավորությունները շատ ավելի նախընտրելի են թվում:

«Չելսի»«Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 18:30

Ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումը, որտեղ կհանդիպեն առաջատարներն ու չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդները: Անցյալ մրցաշրջանում Սիթիին վերջապես հաջողվեց ընդհատել այս երկու գրանդների՝ փոխնիփոխ չեմպիոն դառնալու՝ 7 մրցաշրջաններում ձևավորվող ավանդույթը: Սակայն այս տարի երիտասարդացված «Չելսի»-ն, և Վան Պերսիի «Յունայթեդ»-ը ամեն ինչ անում են, որպեսզի վերադարձնեն իրենց առաջատարի դիրքերը: Դի Մատեոյի թիմը ձեռք է բերել հաղթողի հոգեբանություն և «Պրեմիեր լիգա»-ում հաղթանակներ է տանում նաև այն հանդիպումներում, որտեղ դրան այդքան էլ արժանի չի լինում: Հակառակը, ՉԼ-ում թիմի գործերն այդքան էլ լավ չեն, որտեղ նրանց հետ հավասար խաղաց Յուվեն, իսկ անցյալ երեքշաբթի պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյոր»-ը: Ֆերգյուսոնի թիմում, չնայած Կագավայի առկայությանը, շատ մեծ կախվածություն է զգացվում Ռունիի և Վան Պերսիի խաղից: Երկու թիմերն էլ խաղին մոտենում են պաշտպանությունում լուրջ կորստներով` «ազնվականներ»-ի մոտ կշարունակի որակազրկման պատճառով բացակայել Թերրին, իսկ «կարմիր սատանա»-ների մոտ միանգամից կբացակայեն Վիդիչը, Սմոլինգը և Ջոնսը: Այս ֆոնին, հաշվի առնելով Ազար-Մատա-Օսկար եռյակի փայլուն մարզավիճակը, «մանկունյանցիներ»-ի հաղթանակն այդքան էլ հավանական չի թվում:

«Բավարիա»«Բայեր Լեվերկուզեն»

Կիրակի, ժամը 19:30

Ակումբի ղեկավարների հարաբերություններն արդեն երկու տարի է, ինչ լարված վիճակում են: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ լեվերկուզենցիները հրաժարվեցին իրենց մշտական՝ բավարացիներին « տաղանդեր մատակարարող»-ի կարգավիճակից և Վիդալին ավելի էժան գնով նախընտրեցին վաճառել Յուվեին: Բավարացիները կփորձեն երկարացնել իրենց ռեկորդային հաղթանանակների շարքը «Բունդեսլիգա»-ում, այսպիսով նաև վրեժխնդիր կլինեն անցած մրցաշրջանում կրած պարտության դիմաց, երբ «Բայեր»-ը, 2-0 հաշվով հաղթելով մյունխենցիներին, գործնականում նրանց զրկեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Լեվերկուզենցիները Սեմի Հյուպիայի գլխավորությամբ շարունակում են մնալ ոչ ստաբիլ թիմ և դժվար թե կարողանան լուրջ պայքար մղել Ուլի Հյոնեսի թիմի դեմ:

Մարսելի «Օլիմպիկ»«Օլիմպիկ» Լիոն

Կիրակի, ժամը 22:55

Մարսելցիները, լավ սկսելով առաջնությունը, դեռևս շարունակում են հավասար միավորներ ունենալ ՊՍԺ-ի հետ, իսկ լիոնցիները, չնայած թուլացված կազմին և երիտասարդ անփորձ մարզիչ Ռեմի Գարդի առկայությանը, նրանցից հետ են մնում ընդամենը մեկ միավորով: Ֆրանսիայի առաջնությունում իրականում չեմպիոնի հարցը վաղուց որոշված է համարվում, և այս հանդիպումը ավելի շատ դիտարկվում է որպես երկրորդ տեղի համար պայքար:

«Մալյորկա»«Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:30

Անցյալ մրցաշրջանում այս թիմերի՝ բալերյան կղզիներում տեղի ունեցած հանդիպումը հիշվեց նրանով, որ մրցավար Պերես Մոնտերոն «Մալյորկա»-ի ձեռքից ուղղակի գողացավ 3 միավորը՝ 1-0 հաշվի ժամանակ չհաշվելով տանտերերի մաքուր գոլը: Հետագայում մադրիդցիները դժվարությամբ, բայց կարողացան հաղթանակով ավարտել հանդիպումը: Ընդհանրապես, Մոուի թիմն այստեղ  հյուրընկալվելիս դժվարությունների է հանդիպում, պորտուգալացին հենց այստեղ 2010-ին մեկնարկեց «Սերուցքայիններ»-ի կազմում, և հենց առաջին խաղում կորցրեց առաջին երկու միավորը:

Այս հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են ոչ լավ տրամադրությամբ. Տանտերերը, լավ մեկնարկելով առաջնությունում, վերջին երեք հանդիպումներում ոչ մի միավոր չեն վաստակել, իսկ մադրիդցիները հերթական ծանր և անփառունակ երեկոն անցկացրին Գերմանիայում, որտեղ 2-1 հաշվով պարտվեցին «Բորուսիա»-ին: Հյուրերն այս խաղում ևս ստիպված կլինեն գլուխ հանել առանց հիմնական եզրային պաշտպանների և կառուցող հենակետային Խեդիրայի, ով չի կարողանում լուծել իր մկանային խնդիրները: «Մալյորկա»-ի կազմում, բացի թիմի լավագույն ռմբարկու Հեմեդից, հետաքրքիր կլինի հետևել երկու նախկին «կուլե»-ների` Ջիովանի Դոս Սանտոսի և թիմի նորեկ Ֆոնտասի խաղին:

Բացի այս հանդիպումներից՝ կարելի է առանձնացնել նաև «Սերիա Ա»-ում՝ «Ռոմա»«Ուդինեզե», «Ֆիորենտինա»«Լացիո», Լա Լիգայում՝ «Ռայո Վալեկանո»« Բարսելոնա » հանդիպումները: Իսկ լատինաամերիկյան ֆուտբոլի սիրահարներին սպասվում է արգենտինյան «սուպերկլասիկո»-ն, որտեղ բարձրագույն խումբ վերադարձած Ռիվերը կընդունի,առանց Ռիկելմեի մնացած Բոկային:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Հանրությունից թաքուն՝ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ ‘
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի մասին. Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են ‘