‘Հիշատակելով Ալեքսանդր Թամանյանին’

1043

Երեկ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն էր:

Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար):

Սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը:
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.): Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո): 
1914թ. Թամանյանն ընտրվել է  Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով):
Դեռևս 1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության հրավերով Երևան ժամանած Ալ.Թամանյանը, 1921թվականին փետրվարյան խռովություններից հետո, տեղափոխվել էր Պարսկաստան:
1923թ. ապրիլին Թամանյանը Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով վերադառնում է Հայաստան: Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Լուկաշինին մայիսի 23-ին ներկայացված զեկուցագրից երևում է, որ վերջինիս հանձնարարությամբ Թամանյանն ուսումնասիրել է ճարտարապետական, շինարարական գործի իրավիճակը երկրում: 1923թ.հունիսի 9-ին Ժողկոմխորհը որոշում է «Ժողկոմների խորհրդին կից Գերագույն տեխնիկական բաժին կազմակերպել»՝ հիմք ընդունելով սույն զեկուցագիրը: Փաստաթղթում նշվում են խորհրդի վրա դրվելիք պատասխանատվությունները:
1923թ. դեկտեմբերի 30-ին Ալեքսանդր Թամանյանը նշանակվում է հնությունների պահպանության կոմիտեի նախագահ, իսկ Թորոս Թորամանյանը, Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, Մարտիրոս Սարյանը և Աշխարհաբեկ Լոռի Մելիք-Քալանթարը՝ նույն կոմիտեի անդամ:
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին: 
1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:
Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը և այլն: 
Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը:

Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում:

Թամանյանը, ըստ էության, այնպիսի գլխավոր հատակագիծ էր մշակել, որի հիման վրա պետք է զարգանար Երեւանի կենտրոնը եւ մինչ օրս իրականացվեր դրանում մշակված սկզբունքներով: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ շեղումը Թամանյանական սկզբունքներից սկսվել է դեռեւս խորհրդային տարիներին: Այդուհանդերձ, այն աղավաղումները, որոնք կատարվել են Երեւանում անցած 15 տարիներին եւ շարունակվում են մինչ օրս, որեւէ արդարացում չունեն: Ավելին, պարզապես ապշեցուցիչ է, երբ բացառապես մասնավոր շահերը իրականցնելիս, մի խումբ ճարտարապետ-չինովնիկներ քողարկում են իրենց ծրագրերը հենց թամանյանականության քողի տակ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի — Գալուստ Սահակյան’