‘Հիտլերի իրավահաջորդի հեռագիրը Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին դրվել է աճուրդի ‘

1077

‘

Ադոլֆ Հիտլերի իրավահաջորդ Կառլ Դենիցի՝ Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին հեռագիրը Նյու-Յորքում հանվել է աճուրդի, երեքշաբթի հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Այդ փաստաթղթում Դենիցը տեղեկացնում է Լյուֆթվաֆեի ֆելդմարշալ Ռոբերտ ֆոն Գրայմին, որ ստորագրել է անվերապահ կապիտուլյացիան, եւ բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն 1945թ. մայիսի 9-ին:

«Դա անխուսափելի էր՝ ռազմաճակատի որոշակի հատվածների առաջիկա ոչնչացումը կանխելու և Գերմանիայի համար հնարավորինս շատ մարդ փրկելու նպատակով»,- ասված է հեռագրում:

Մինչեւ ինքնասպան լինելը՝ Հիտլերը 1945թ. ապրիլի 29-ի իր քաղաքական կտակում իրավահաջորդ էր նշանակում Գերմանիայի հյուսիսում գտնվող Դենիցին: Մայիսի 7-ին Դենիցի ներկայացուցիչները Ռեյմսում ԽՍՀՄ-ի, Անգլիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների առջեւ ստորագրեցին Կապիտուլյացիայի ակտը: 

Ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝ չսահմանափակված ստորջրյա մարտ վարելու համար Նյուրնբերգյան տրիբունալը Դենիցին դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Նա ազատ  արձակվեց 1956 թվականին եւ կյանքի մնացած մասն ապրեց անհայտության մեջ: Մահացել է սրտի կաթվածից 1980 թ. դեկտեմբերի 24-ին, 90 տարեկան հասակում:

Փորձագետների կարծիքով՝ հեռագրի բացառիկությունը բացատրվում է նրանով, որ սովորաբար բոլոր նման փաստաթղթերը ոչնչացվում էին կամ հենց գերմանացիների, կամ դաշնակիցների զորքերի կողմից:

Գրայմը հեռագիրն ստացել էր մայիսի 8-ին եւ փախել Գերմանիայից, բայց ձերբակալվել էր ամերիկացիների կողմից Պրահայի շրջակայքում: Հեռագիրը հայտնաբերել էին նրա պայուսակում:

Փաստաթուղթը  որոշ ժամանակ պահվում էր Գրայմին հարցաքննած մի սպայի մոտ: Հետո այն հայտնվել էր մասնավոր հավաքորդի ձեռքում, որն էլ  այն հանել է աճուրդի: Սկզբնական գինը 30 հազար դոլար է:

Աճուրդի ամսաթիվը հաղորդագրություններում չի նշվում: Փոխանցում է Interfax-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Բուկովսկուն մանկապղծության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է, որ Միշել Օբաման գրկախառնվելու սիրահար է’