‘
Ինչպես հայտնի է, երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը բաղկացած է վեց անդամներից, միաձայն քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով կամ մոտ 10%-ով բարձրացնելու օգտին:
Ինչպես այսօր Աժ ոչ իշխանական չորս ուժերի համատեղ ասուլիսի ընթացքում նշել էր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հանձնաժողովի անդամները խելոք, գլուխները կախ քվեարկեցին կողմ սակագնի բարձրացմանը:
Մամուլը՝ հղում անելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալներին, այսօր ուշագրավ տեղեկություններ է հրապարակել հանձնաժողովի անդամների գույքի և եկամուտների մասին, որից պարզ է դառնում, որ վերոնշյալ 6 պաշտոնյաները բոլորովին չեն նեղվելու էլեկտրաէներգիայի թանկացումից:
Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է: Նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է: Նա և նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նազարյանը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտների մեջ նշված է նաև 8300 դոլար, որը Նազարյանը ստացել է տրված փոխառությունների տոկոսներից:
ՀԾԿՀ նախագահի կինը՝ Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է ամուսնուց մոտ 3 անգամ շատ գումար: Տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 300 հազար դոլար և 2 միլիոն դրամ: Նա նույնպես տրված փոխառություններ ունի և տարեկան տոկոսներ է ստանում դրանից՝ ավելի շատ, քան ամուսինը: Եթե Ռոբերտ Նազարյանը 8300 դոլարի չափով է տոկոսներ ստացել, ապա Սվետլանա Խառատյանը՝ 24450 դոլարի:
ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը հայտարարագրել է 5 միլիոն դրամ և 35 հազար դոլար դրամական միջոցներ: Նա նույնպես տոկոսով փող ունի տված: Ըստ հայտարարագրի, Կիրակոսյանի տարեկան եկամուտը կազմել է 7,8 միլիոն դրամ և 1932 դոլար, որից 7,4 միլիոն դրամը նրա աշխատավարձն է, 393 հազար 335 դրամը և 1932 դոլարը՝ փոխառություններից ստացված տոկոսներ: Կիրակոսյանի կինը՝ Ադելինա Ավետիսյանը, չնայած չի աշխատում, նախորդ տարի 61,8 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է գնել: Նա հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 62 հազար դոլար: Ադելինա Ավետիսյանը, մոդայից հետ չմնալով, նույնպես տոկոսով փող է տվել, որի տոկոսներից 363 հազար դրամ և 4300 դոլարի չափով եկամուտ է ստացել:
ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 10 հազար դոլար, աշխատավարձը՝ 7,3 միլիոն դրամ: ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը հայտարարագրել է 25 հազար դոլար դրամական միջոց և 7,1 միլիոն դրամի աշխատավարձ: Պաշտոնյայի կինը՝ Քաղցրիկ Կոշեցյանը, հայտարարագրել է 10 հազար դոլար դրամական միջոցներ և 326 հազար դրամ աշխատավարձ: ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանը հայտարարագրել է 38 հազար դոլար դրամական միջոցներ և 7,1 միլիոն դրամ աշխատավարձ: Պաշտոնյայի կինը՝ Իրինա Դարբինյանը, հայտարարագրել է 9500 դոլար դրամական միջոցներ և 1,1 միլիոն դրամ աշխատավարձ:
‘