‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախագահականից հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` Սերժ Սարգսյանը վերանայել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» 2014թ. հոկտեմբերի 13-ին իր իսկ ստորագրած հրամանագիրը՝ հիմնվելով ԵԽ նախարարների խորհրդի փորձագիտական խմբի եզրակացության վրա:
Այս տեղեկատվության տարածումից ժամեր այց սակայն, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը հայտարարեց, որ ԱԳՆ-ը դատավորի թեկնածուների ցուցակն իրականում ԵԽԽՎ չի էլ ուղարկվել: Հիշեցնենք, որ ԻԵՄ-ը դատավորի թեկնածուների ընտրության փուլում դիտորդական գործունեություն է իրականացրել եւ մի շարք խախտումներ է հայտնաբերել:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում այս ամենի մասին, բնականաբար, ոչ մի խոսք չկար: Միայն ակնարկվում էր, թե որոշման պատճառը գենդերային հավասարության պահանջներից բխած՝ հաղթողների ցանկում կատարված փոփոխությունն է:
Բանն այն է, որ 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել են Արմեն Հարությունյանը (նախկին ՄԻՊ-ը), Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Ըստ President.am-ի հաղորդագրության, ՀՀ ԱԳ նախարարությունն ստացել է ԵԽ նախարարների կոմիտեի ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին: Կոնվենցիայի վկայակոչված հոդվածը սահմանում է, որ «դատավորները պետք է օժտված լինեն ամենաբարձր բարոյական որակներով եւ բավարարեն բարձր դատական պաշտոններին նշակակվելու համար ներկայացվող պահանջներին, կամ լինեն հանրահայտ հեղինակություն վայելող իրավագետներ»:
Դատավորի թեկնածուներից Արայիկ Ղազարյանն այսօր Hetq.am պարբերականին տեղեկացրել է, որ իրեն թեկնածությունը քննելու հարցազրույց անցկացնելու նպատակով հունվարի 15-ին հրավիրել են Ստրասբուրգ: Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու համար Ղազարյանն արդեն ինքնաթիռի տոմս էր գնել, հյուրանոցում տեղ էր պատվիրել եւ դեկտեմբերի 26-ին դրանք ներկայացրել էր Երևանում Ֆրանսիայի հյուպատոսություն: Եվ միայն տոնական օրերին՝ հունվարի 7-ին, Հայաստանի ԱԳՆ-ից կապվել են իր հետ եւ խորհուրդ են տվել կասեցնել Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը՝ առանց մանրամասնելու պատճառը:
«Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությունն իր հերթին նշում է, որ Հայաստանից ընտրված թեկնածուներին հարցազրույցի հրավիրելով՝ եվրոպական կառույցները Հայաստանում դատավորների ընտրության մրցույթը համարել են ԵԽԽՎ-ի ընդունած չափորոշիչներին համապատասխանող, հակառակ դեպքում` կմերժեին առաջադրված թեկնածուներին եւ կհրահանգեին նոր մրցույթ կազմակերպել:
«Իրականությունն այն է, որ ի պատասխան Իրավունքի Եվրոպայի հունվարի 9-ի գրության՝ ուղղված ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեին` հենց նույն օրը ստացել ենք պատասխան այն մասին, որ ցուցակը ԵԽԽՎ-ին չի ուղարկվել», — ասվում է Ֆեյսբուքում տարածված՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ հայտարարության մեջ:
Այսպիսով, ըստ ԻԵՄ հայտարարության, հաստատապես կարելի է պնդել, որ ցուցակը բացասական կարծիքի է արժանացել ԵԽԽՎ-ի դատավորների ընտրության խորհրդատվական մարմնի կողմից (որը նախնական փուլն է և որի հետ բանակցությունները կոնֆիդենցիալ են), ինչից հետո ԱԳՆ-ն պաշտոնապես ցուցակը չի ուղարկել ԵԽԽՎ-ին, սակայն սկսել է լուրեր տարածել այն մասին, թե ցուցակն ուղարկված է և հարցազրույցներ են նշանակված թեկնածուների հետ` ապակողմնորոշելով հանրությանն ու փորձելով ձևավորել կարծիք, թե ցուցակը դրական է գնահատվել:
«Մնում է հասկանալ, թե այս շղթայում ովքեր են համագործակցել մեր իշխանության հետ այս մեծ սուտն եփելու եւ հանրությանը մատուցելու հարցում», — նշվում է հայտարարության մեջ:
‘