‘
Նոյեմբերի 28-ին Երևանում հիմնադրվել է Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա, որին միանալու հայտ են ներկայացնել 70 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից: Դրանցից շուրջ 40 ՔՀԿ-ների ներկայացուցիչներ մասնակցել են Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր ժողովին, որի ընթացքում ընդունվել է և հիմնադիրների կողմից ստորագրվել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման հռչակագիրը, հաստատվել Հակակոռուպցիոն կոալիցիայի աշխատակարգը: Ինչպես նշվում է նորաստեղծ կառույցից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված մամուլի հաղորդագրությունում, այնուհետև քննարկվել և հաստատվել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 2015-2016թթ. մոնիթորինգային ծրագիրը: Հիմնադիր Ժողովի ընթացքում Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները միաձայն ընդունել են ուղերձ, որով դիմում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ռազմավարության նախագծում ընդգրկել սոցիալական ապահովության ոլորտը, գործուն միջոցներ ձեռնարկել ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ, ռազմավարությամբ նախատեսված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդլայնել ՀԿ-ների կազմը` երկու տեղից այն դարձնել հինգ, բացի այդ միջոցներ ձեռնարկել մոտ ապագայում կռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
‘