‘ՀՀԿ-ականը «ուղեղում» չի քննարկել Ս.Սարգսյանի իրավահաջորդի թեման, բայց չի բացառում նրա վարչապետ դառնալը’

913

Թե ո՞վ է լինելու նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, ՀՀԿ խմբակցության հնաբնակ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մտքի ծայրով անգամ չի անկացրել։

–Ես չեմ…էդպիսի…այդ թեման չեմ քննարկել ո՛չ իմ ուղեղում, ո՛չ էլ իմ շրջապատի հետ,- «7օր»–ի հարցից ակնհայտորեն շփոթվելով՝ պատասխանել է նա։

–Կլինի նա, ով մեր ժողովրդի քվեն կստանա։ Ձայն բազմաց` ձայն Աստծո,–ավելացրել է Մ. Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե ՀՀԿ–ն շարունակի իր ազգային գործունեությունը և պատասխանատվությունը, ու եթե ՀՀԿ–ականների ազգային տեսակը, գործելաոճը հասարակության կողմից գնահատվի ըստ արժանվույն, ապա ՀՀ հաջորդ նախագահը կրկին Հանրապետական կուսակցությունից կլինի։

Բայց Սերժ Սարգսյանը, նրա խոսքերով, բնականաբար, երրորդ ժամկետի չի գնա.Սահմանադրությամբ սահմանափակված է նրա այդ իրավունքը։

«7օր»–ի հարցին՝ գուցե հենց դրա համար էլ փոխո՞ւմ է Սահմանադրությունը, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Հայաստանում, ճիշտն ասած, դա էդքան իրական չեմ տեսնում։ Մենք ժողովրդավարությունն ընդունել ենք, արևմտյան արժեքների գոնե այդ հատվածն ամբողջությամբ ընդունել ենք, Սահմանադրությամբ ամրագրել ենք։ Եվ Սերժ Սարգսյանն էլ իր էությամբ ժողովրդավար մարդ է։ Համենայնդեպս, մենք Ադրբեջանը չենք, որ Սահմանադրություն փոխենք, ալիևյան կլանը հավերժ մնա։

Փոխարենը՝ Ռուսաստանի օրինակի կրկնությունը, երբ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետ դարձավ, Մ. Մինասյանը չի բացառում.

–Դե, գիտեք՝ ինչ, հիմի եթե վարչապետ նստի, իսկ ի՞նչ է եղել, հնարավոր չէ՞, ինչո՞ւ, չի՞ կարելի։ Դա չի արգելվում ո՛չ օրենքով, ո՛չ էլ Սահմադրությամբ։ Ես է՛դ մասին էլ չեմ մտածել, բայց գոնե իրավական իմաստով նոնսենս չկա, նորմալ է, ի՞նչ է պատահել։

 

Նախորդ հոդվածը‘Նոր Նորքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակների հարցով դեմ քվեարկածների ցանկը. Հումորային տարբերակ’