‘ ՀՀԿ-ականների վերաբերմունքը Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպին’

1518

ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև երեկվա միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց և բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ:

Հիշեցնենք, որ  երեկ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձել էր հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան՝ վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում ասել էր՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Միջադեպի՝ հրապարակային դառնալուց հետո Tert.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը՝ որպես ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ, ներողություն էր խնդրել լրագրող Մհեր Արշակյանից և նշել, որ Հանրապետական կուսակցությունը չի կարող գովերգել հասարակության կողմից դատապարտվող երևույթները:

Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը հետևեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա վկայակոչում էր իր կուսակից Շարմազանովի հայտնած ՝ ափսոսանքի ու ներողություն խնդրելու փաստը ՝ Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով:

«Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ և միացնում եմ իմ ներողությունները»,- ավարտել է իր գրառումը նախարար Աշոտյանը:

Միջադեպի կապակցությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը,  Facebook-ի իր էջում գրել էր.

«Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց , անկախ ամեն ինչից, որևէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես՝ քեզ նման զուսպ և հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել: Խնդրում եմ՝ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու»:

Մինչ ՀՀԿ-ականները ներողություն կխնդրեին Մհեր Սեդրակյանի պահվածքի համար, վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե չի կիսում Շարմազանովի դիրքորոշումը։

«Էդուարդ Շարմազանովը մեր խոսնակն ա։ Ինքը ինչ ա ասել, ինչի համար ա ասել՝ ես չգիտեմ, բայց ես ինքս ո՞նց ետ կանգնեմ, էն դեպքում, որ ինքն ա հրահրում, ինքն ա տանում դրան, ես ասեմ՝ ինձ կներե՞ս», — պարզաբանել է պատգամավորը:

 Ռադիոկայանի այն, հարցին, որ եթե նախագահը որոշի, որ Սեդրակյանը պիտի ներողություն խնդրի, նա կանի՞ դա՝ հանրապետական պատգամավորը պատասխանել է «Ես ներողություն չեմ խնդրի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ ինքնասիրությունը ամեն ինչից բարձր ա։ Էդ խոսափողը, որ դեմ են տալի, ես էնքան հեռու եմ պահում, որ հանկարծ․․․ այ ընկեր, էտի երեւի ձեր բերանն եք մտցնում, կամ հազար մարդու բերան եք մտցնում, հետո բերում ուզում եք կոխեք իմ բերանը․․․ ըտենց չի լինում, էլի․․․ մի քիչ լրատվությունն էլ չափ պետք ա ունենա»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինքանո՞վ է ՀՀԿ-ի համար նման երևույթն ընդունելի, ու ի՞նչ են պատրաստվում անել իրենք՝ անպատժելիության մթնոլորտը վերացնելու հայտարարություններից բացի՝ ասել է.

 «Գիտեք, ես հետաքննող մարմին չեմ: Եթե դա այդպես է եղել՝ դա շատ վատ բան է: Իսկ ինչը որ նախագահն է ասում, ես եմ, մենք ենք ասում, չի նշանակում համագումարն ավարտել եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Համենայն դեպս՝ մենք պայքարում ենք: Այ հիմա այս խնդիրը առաջացրեցիք, ես հետը կխոսեմ, նորից ինչ-որ բաներ կասեմ՝ պիտի զսպեք: Այդպես չի, որ յուրաքանչյուր դրվագում մարդիկ պիտի մորթվեն: Ավելի շատ պրոֆիլակտիկ միջոցները պիտի օգտագործել»:

Իսկ երբ Aravot.am-ի լրագրողը ճշտել է, թե արդյոք պիտի զսպեն իրենց մինչև ընտրությո՞ւն՝  Գալուստ Սահակյանն ասել է.

«Ես միջադեպը չեմ քննարկում, որովհետեւ ի՞նչ, ուզում եք Մհեր Սեդրակյանին կանչեմ եւ հետաքննությո՞ւն կազմակերպեմ այդ առումով: Եթե դա իրողություն է, դա, բնականաբար, մեզ համար ընդունելի չէ: Հիմա դուք չեք կարող համեմատել տասը տարի առաջը, հինգ տարի առաջը այսօրվա իրավիճակի հետ: Եթե այսօր միջադեպեր են, տարիներ առաջ դրանք ամենօրյա գործառույթներ էին: Այսինքն, որոշակի քայլեր արդեն արվել են»:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Մհեր Սեդրակյանի նկատմամբ իրավական պատասխանատվություն կիրառելու ձևեր չկան (տեսանյութ)’