‘
Կառավարությունն ԱԺ վերջին արտահերթ նիստում ներկայացրել էր «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծ, որի համաձայն՝ «Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիներին առանց ցավազրկման ամորձատել, առանց ցավազրկման եղունգները հեռացնել: Արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը, արգելվում է կենդանիների պոչերը ճզմել, ոլորել, կենդանիների գլուխներից, եղջյուրերից, ականջներից, ոտքերից եւ մորթուց բռնած քարշ տալը»: iLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:
— Դուք կենդանիներ սիրո՞ւմ եք:
— Շատ:
— Պահո՞ւմ եք կամ պահե՞լ եք:
— Այո: Կատու եմ պահել, հիմա չեմ պահում:
— ԱԺ-ում քննարկվում էր կենդանիների մասին օրենք, ի՞նչ տպավորություն ունեք այդ օրենքի բովանդակությունից:
— Ցանկացած ոլորտ, որն առնչվում է մեր կյանքի հետ, օրենսդրական կարգավորման խնդիր ունի եւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի: Եթե օրենքը ոմանց համար ծիծաղելի է թվում, ես գտնում եմ, որ օրենքն ունի իր անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Կենդանիների նկատմամբ վայրագ վերաբերմունքը առաջին հերթին դատապարտման է ենթակա:
— Այդ օրենքը Հայաստանում որքանո՞վ է կիրառելի:
— Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ես գտնում եմ՝ կենդանիների հանդեպ վերաբերմունքը ոչ թե օրենքով պետք է կարգավորվի, այլ դա պետք է լինի հասարակության վերաբերմունքի եւ դաստիարակության շնորհիվ: Եթե երեխան մանուկ հասակից ծնողներից կամ հասարակության ներկայացուցիչներից չի ստանում դիտողություն, որ չի կարելի շներին իրար դեմ կռվացնել եւ այլն, որքան ուզում ես՝ օրենք գրի:
— Օրենքում գրված է՝ չի կարելի կենդանիներին միմյանց դեմ սադրել: Սա ի՞նչ է նշանակում:
— Ես հիշում եմ՝ իմ ուսանողական տարիներին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ շներին կռվացնելու մրցումներ էին գնում: Դրանից ավելի դաժան բան դժվար է պատկերացնել, որովհետեւ իմ տեղեկացմամբ՝ այդ մարտերն ընթացնում էին նույնիսկ շներից մեկի սատկելը: Ես գտնում եմ՝ դա մեր հասարակության, մարդ արարածի մեջ զարգացնում է վայրենությունը; Ցավոք սրտի՝ կան մարդկային տեսակներ, որոնց պետք է պատժես օրենքով:
— Օրինակ՝ կատվի փափուկ մասը, պոչը մեկը տրորում է, կամ նապաստակի ականջն է քաշում. ո՞վ պետք է այս հարցին հետեւի:
— Եթե օրենքի կիրառումն եք հարցնում, օրինակ ես՝ իմ կատվին երբեք որեւէ ցավ չեմ պատճառել ու արգելել եմ որեւէ մեկին վայրենի բաներ անել կենդանիների հետ:
— Լավ, ենթադրենք՝ մեկն արեց, ո՞վ պետք է համապատասխան մարմիններին իմաց տա. ասենք՝ կատո՞ւն պետք է զանգի ոստիկանություն, թե՞ շունը հայտարարություն տա:
— Չէ, դա արդեն հասարակության վերաբերմունքը պետք է լինի: Պարզ է՝ կատուն չի զանգի: Մեզանում պետք է ձեւավորվի սերը, հոգածությունը, վերաբերմունքը:
— Դուք եթե տեսնեք փողոցում մեկը շանը խփում է, ի՞նչ կանեք, լիազոր մարմնի՞ն եք դիմելու այդ կապակցությամբ՝ այս օրենքի համաձայն, թե՞ ոչ:
— Ես խիստ նկատողություն կանեմ, եթե դա տեղ չհասնի, կփորձեմ սթափեցնել օրենքի ուժով: Ծայրահեղ դեպքում, այո, կդիմեմ ոստիկանություն:
— Եկեք խոստովանենք՝ այնուամենայնիվ, օրենքի կիարռման հարցը մնում է բաց:
— Օրենքի կիրառումը ցույց կտա ժամանակը: Ես լրիվ անկեղծ եմ ասում: Ես չգիտեմ՝ օրենքի կիրառումն ինչպես պիտի ապահովվի. դա արդեն գործադիրի խնդիրն է: Օրենսդիրի խնդիրը օրենքներ ընդունելն է:
— Ընդունում եք օրենքներ, որոնց կիրառումը պարզ չի:
— Ես օրենքի կրողն եմ: Ես ընդունում եմ օրենք ու կրում եմ:
Արման Գալոյան
‘