‘ՀՀԿ-ական. Իմ քվեարկությունից հետո իմ դիրքորոշումները չի փոխվել. համաձայնագրերում կան խնդիրներ’

1183

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ուրբաթ օրը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում սուր քննադատության ենթարկեց գազային համաձայնագրերը: Սակայն երեկ նա կողմ է քվեարկել նույն այդ համաձայնագրերին:

iLur.am-ն այս առիթով զրուցեց Դավիթ Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, չնայած համաձայնագրերի վերաբերյալ ձեր սուր քննադատական ելույթին, այնուամենայնիվ, կողմ քվեարկեցիք դրանց: Ինչո՞ւ:

— Ես կշռադատեցի համաձայնագրին չքվեարկելու, չվավերացնելու հնարավոր դրական ու բացասական հետեւանքները եւ նման որոշում կայացրի:

— Չքվեարկելու բացասական հետեւանքները անձամբ Ձեր վրա՞, այսինքն՝ հնարավո՞ր է` հետագայում Ձեր նկատմամբ հաշվեհարդար տեսնեն:

— Չէ, չէ: Երկրի հետ կապված:

— Այնուամենայնիվ, այդ պայմանագրում շատ են անընդունելի, նվաստացուցիչ դրույթները:

— Այո, շատ ճիշտ եք ասում: Ես կարծում եմ, որ այդ համաձայնագրում կան հարցեր, որոնց ստիպված անդրադարձ պետք է կատարվի հաջորդ փուլերում:

— Բայց հնարավոր համարո՞ւմ եք` ինչ-որ բան ետ բերելը, համաձայնագրերում ուղղումներ անելը:

— Կառավարության ընկալումը այդ դրույթների վերաբերյալ բանակցությունների ժամանակ փոքր ինչ այլ է եղել: Չեմ բացառում, որ այս առումով որոշ բաներ լինեն:

Պարոն Հարությունյան, արդյո՞ք ձեր քվեարկությունը պայմանավորված չէր ճնշումներով. ասում են`հանգստյան օրերին ՀՀԿականների վրա նաեւ ճնշումներ են եղել, որպեսզի գան դահլիճ ու կողմ քվեարկեն: Հատկապես ճնշումներ են եղել համաձայնագիրը քննադատած պատգամավորների նկատմամբ:

— Ոչ, իմ նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել:

Օրինակ՝ դուք այդպես քննադատելուց հետո կարող էիք դեմ քվեարկել ու ցույց տալ, որ սկզբունքային դիրքորոշում ունեք, մանավանդ` մեկ «դեմ»-ը ոչինչ չէր փոխի այդ քվեարկության համար:

— Այստեղ խնդիրը սկզբունքային դիրքորոշումը չէ: Ես ունեի իմ դիրքորոշումը, եւ այն ներկայացրել եմ: Բայց քվեարկել եմ` հաշվի առնելով համաձայնագիրը չվավերացնելու բացասական հետեւանքները: Կրկնում եմ` դրանով էր պայմանավորված իմ քվեարկությունը:

Բայց ի՞նչ բացասական հետեւանքներ կարող էին լինել, եթե պայմանագիրը չվավերացվեր:

— Եթե պայմանագիրը չվավերացվեր, ապա կարծում եմ` այն անմիջապես կազդեր գազի գների վրա: Կազդեր անմիջապես, եւ մարդիկ կհայտնվեին շատ ծանր վիճակում:

Գազային այդ համաձայնագրին կողմ քվեարկողներին անվանեցին պետական դավաճաններ: Այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:

— Չեմ ընդունում այդ գնահատականները: Կան նաեւ այլ կարծքներ:

 — Այնուամենայնիվ, անհասկանալի է` մարդը լուրջ խնդիրներ է տեսնում այդ համաձայնագրում, բայց ինչինչ պատճառներով կողմ է քվեարկում ու վավերացնում այդ խնդիրները:

-Անհասկանալի բան չկա: Պետք է համադրել ու գնահատել բոլոր պլյուսներն ու մինուսները: Չես կարող գնահատել միայն մինուսներն ու մերժել ներկայացվածը: Սա պարզունակ մոտեցում է: Իմ քվեարկությունից հետո, այնուամենայնիվ, իմ դիրքորոշումները չի փոխվել, համաձայնագրերում այդ խնդիրները կան: Սակայն պետք է հասկանալ, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ համաձայնագիրը չավավերացնելը:

Տեսակետ կա, որ ՀՀԿականների քննադատական ելույթերը ՀՀԿում առկա ճաքերի հետեւանք է:

— Ճիշտն ասած` ես չեմ տեսնում նման ճաքեր: Այսինքն` մենք կարողացել ենք նորմալ հարցադրումներ անել, եւ դա նորմալ է: Ճաքեր պետք է նկատել, երբ չկա կարծիք: Այդ ժամանակ պրոբլեմներ են կուտակվում ու խնդիրներ են ստեղծվում: Երբ կա դիսկուրսիա, դա ճաքերի մասին չի խոսում:

 

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն’
Հաջորդ հոդվածը‘Շմայսի լկտի բառապաշարը ԱԺ-ում և բլոգերների պատասխանը (տեսանյութ)’