‘ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվել է’

932

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններով խաբել է Հայաստանին։

Խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի մասին. Դավթյանը նա նշել է, թե Դավութօղլուն Հայաստանին տարածաշրջանային նախագծերում ընդգրկվելու ակնարկ է արել: «Ինչին (Հայաստանի) իշխանությունն արդեն, իհարկե, չի հավատա», — Tert.am-ի փոխանցմամբ, ասել է պատգամավորը:

«Հիմա մենք ժողովրդի իմաստությունը պետք է հիշենք: Մեկ անգամ մեզ խաբեց՝ ամոթ իրեն, երկու անգամ մեզ խաբեց՝ ամոթ մեզ։ Հիմա մեկ անգամ Թուրքիան խաբեց, ինչին մենք բոլորս ականատես ենք եղել, եթե երկրորդ անգամ խաբի, ուրեմն ամոթ մեզ»,- հայտարարել է Արտակ Դավթյանը:

Ուշագրավ է, որ մինչ օրս իշխանական քարոզչությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը փորձում էր ներկայացնել որպես ձեռքբերում, քանի որ «միջազգային հանրությունը տեսավ, որ Հայաստանը պատրաստակամ է լուծել խնդիրները բարեկամների հետ, մինչդեռ Թուրքիան հայտնվեց անհարմար վիճակում` չկատարելով սանձնած պարտավորությունները»:

Այժմ ՀՀԿ-ական պատգամավորը, թերեւս ակամա, բաց տեսքով խոստովանում է այն, ինչ բոլորի համար էլ պարզ էր. Անկարան ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում խաբել է Սերժ Սարգսյանին: Դավթյանը ըստ էության, խոստովանել է իր շեֆի ապաշնորհությունը, քանի որ արտաքին քաղաքական հարցերում խաբել կարելի է միայն ոչ կոպետենտ, ՄՄ աշխատանքային լեզվով ասած` «недалекий» պետական գործիչներին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ամաչում է թոշակառուներից’
Հաջորդ հոդվածը‘Յոլյանը վերանշանակվեց Իշխան Զաքարյանի տեղակալի պաշտոնում’