‘ՀՀԿ-ական պատգամավոր. Գործարար-պատգամավորները բնակչությանը «լավություն են անում»’

1266

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր ըստ էության խոստովանեց, որ ՀՀԿ-ական բազմաթիվ ատգամավորներ, Սահմանադրությունը խախտելով, ձեռներեցությամբ են զբաղվում: Ավելին, ըստ Հակոբյանի, «գործարար-պատգամավորները» «լավություն են անում» հասարակությանը՝ իրենց գործը թողած՝ իրենց տարածաշրջանների բնակչության հոգսը հոգալով:

Ընդդիմության ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հայտարարությւոն ընդունելու նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով 100% համամասնական ընտրակարգին անցնելու հեռանկարի մասին, Հակոբյանը նշեց, որ մեծամասնականով ընտրված պատգամավերները  ԱԺ-ում բարձրացնում են իրենց տարածաշրջանների խնդիրները:

«Հիմա՝ ունենք մեծամասնական պատգամավոր, որն ընտրվել է որեւէ տարածքից, հիմա դուք ասում եք, որ նա պաշտպանում է իր տարածքի շահերը, առավելեւս՝ պայքարում է դպրոցների վերանորոգման համար:  Լավ, որ մեծամասնական պատգամավոր չլինի, էդ դպրոցների վերանորոգման համար ո՞վ պետք ա պայքարի», — ասաց մեծամասնականով Մարտունու տարածաշրջանից ընտրված պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին (ընդդիմության ներկայացուցիչները մինչ այդ արդեն նշել էին, որ դպրոցների վերանորոգումը, ճանապարհների ասֆալտապատումը եւ այլն, իրականում համայնքային նշանակության խնդիրներ են-խմբ.)

Նրա խոսքով, երբ որ կուսակցական համակարգը կայանա, գործարար պատգամավորները խորհրդարանում տեղ չեն ունենա:

«Գործարար պատգամավորներն իրենց գործը թողած՝ եկել են ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալի, սենց չի կարելի,  չէ՞», — իր հերթին «մուննաթ եկավ Հակոբ Հակոբյանը:

Նա նաեւ առաջարկեց՝ պահպանել եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգերը, սակայն ընտրողին ընդամենը մեկ ձային իրավունք տալ՝ ընտրելու կամ մեծամասնական թեկնածուին, կա՛մ կուսակցական ցուցակը, ի տարբերություն գործող համակարգի, երբ ընտրողը քվեարկում է միաժամանակ երկու ընտրակարգերով:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգ. Նոր բախումներ ուսանողների և ոստիկանության միջև’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարացիները դեմ են ներգաղթի սահմանափակմանը’