‘ՀՀԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսը դուրս է գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից’

2134

«Հանրապետական» խմբակցության ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից, եւ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում կհայտնի ԱԺ լիագումար նիստում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ինչպես հայտնի է, հանրապետական խմբակցությունը, ի պատասխան ոչ իշխանական ուժերչի ներկայացրած եւ մեծամասնության կողմից մերժված համանման առաջարկի, օրերս առաջարկ էր արել «գազի հարցերն» ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանական ուժերն այդ առաջարկը պետք է  քննարկեին այս օրերին իրենց խմբակցություններում եւ հայտնեին իրենց դիրքորոշումը առաջարկի վերաբերյալ:

Այսօր, երեկոյան ժամը չորսին ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ խմբակցությունները ներկայացրել են խմբակցությունների ներսում եղած քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկությունները նախագծի առնչությամբ:   

«Սակայն, այն բանից հետո, երբ լսվեցին բոլոր խմբակցությունների առաջարկությունները, խորհրդակցությանը մասնակցող Դավիթ Հարությունյանը («Հանրապետական») արեց մի շարք առաջարկություններ, որոնք էապես փոխում են մեծամասնության կողմից արված նախնական առաջարկը», — տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, Հարությունյանն առաջարկել է, որ հանձնաժողովի նիստերը դռնփակ լինեն եւ հանձնաժողովի անդամներն իրավունք չունենան մինչեւ վերջնական եզրակացության ներկայացումը, առանց հանձնաժողովի որոշման հրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները:

«Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության էական սահմանափակման հետ կապված այս առաջարկները, որոնք արվել են հընթացս, այն բանից հետո, երբ ընդհանուր կոմպրոմիս կար փոխում են նախնական առաջարկի էությունը, եւ ընդունելի չեն Հայ ազգային կոնգրեսի համար», — նշեց Կոնգրեսի խմբակցության ղեկավարը:

Նա ընդգծեց նաեւ, որ հարցը խմբակցություններում քննարկելուց եւ առաջարկները համաձայնեցնելուց հետո նման առաջարկների արծարծումը նաեւ բանակցությունների էթիկայի կոպիտ խախտում է:

«Բանակցությունների ընթացքում Դավիթ Հարությունյանը հենց այդպես էլ ասաց՝ այո, ես փոշմանել եմ եւ նոր մոտեցումենր եմ ներկայացրել: Նա նաեւ հայտնեց, որ հնարավոր են նոր փոփոխություններ: Մենք չենք կարող շարունակել բանակցություններն այս թեմայով մի ուժի հետ, որը րոպեն մեկ «փոշմանում է» եւ փոփոխում է իր դիրքորոշումը, առավել եւս, որ այդ փոփոխությունները ուղղված են հանձնաժողովի գործունեության հրապարակայնության դեմ: Խորհրդարանական հանձնաժողովների գործունեության հրապարակայնությունը ժողովրդավարության անօտարելի մաս են կազմում, եւ հրապարակայնությունից խուսափելը նշանակում է, որ իշխանություննեը շարունակում են հանրությանն արհամարհելու եւ նրանից կարեւորագույն տեղեկություններ թաքցնելու իրենց քաղաքականությունը: Ուստի, այս պահին Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, (ընդ որում, որոշումը խմբակցությունում ընդունվել է միաձայն), դուրս է գալիս ՀՀԿ-ական մեծամասնության հետ գազի հանձնաժողովի վերաբերյալ բանակցային գործընթացից եւ հանձնաաժողոի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի այն բանից հետո, երբ վերջնական նախագիծը ներկայացվի ԱԺ-ի լիագումար նիստին», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ընդ որում Զուրաբյանը նշեց, որ մնացած, մասնավորապես, հանձնաժողովի կազմի ձեւավորման հարցերում ընդհանուր փոխհամաձայնություն է ձեռք բերվել: Նրա խոսքով, բանն այն է, որ Դավիթ Հարությունյանն իր առաջարկն արել է հենց կոմպրոմիսի հասնելուց հետո:

«Հենց սա էլ ի ցույց է դնում ՀՀԿ-ական խմբակցության անազնիվ մոտեցումը հարցին», — եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘Տ. Եգորյան. Ավետյանի սպանության բացահայտումը տապալվեց քաղաքական որոշմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողները 2013 թվականը եզրափակել են 933 մլն դրամ վնասով’